Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունիում հնչած կրակոցների գործով

18 Մարտ, 2019 17:25
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունիում հնչած կրակոցների գործով

Մարտի 12-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետախույզները համագործակցելով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ Բուռնազյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին եւ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Պետրոս Հ.-ին։

Երեւանի բնակիչ 35-ամյա Պետրոսը հունվարի 25-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք- զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժին հնչել էր հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22։00-ի սահմաններում բժշկական կենտրոնից հայտնել էին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել՝  Երեւանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22։35-ի սահմաններում էլ Նաիրի բժշկական կենտրոնից էին հայտնել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էին տեղափոխվել 27 եւ 44-ամյա անձինք։

ՀՀ ոստիկանության  տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի վայրը մանրակրկիտ զննվել էր քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները։ Սենյակի հատակին հայտնաբերել էին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ գնդակ կար։ Փողոցում եւ շինության ներսում հայտնաբերվել էին նաեւ արնանման հետքեր։

Արնանման հետքերով ատրճանակի փամփշտատուփ 9մմ․ տրամաչափի երկու փամփուշտով եւ այլն։ Քրեական հետախույզները պարզել էին միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերել ու ներկայացրել էին նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

Հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում , հետագայում իրավապահները պարզել էին նաեւ ապօրինի կրակողի ինքնությունը։ Հունվարի 25-ի էլ Պետրոս Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա եւս ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին