Կարևոր իրադարձություններ

Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա․ վարչապետ

17 Մարտ, 2019 12:00
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա․ վարչապետ

Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ: 

Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին: 

Ռանչպար 

Երազանքը երազելու համար չէ լոկ, 
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, 
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։ 

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես, 
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ: 

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից, 
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք, 
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա: 

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, 
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, 
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, 
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք: 

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ, 
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,  
Տառապանքի մութ հատակից այս անողոք, 
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։

 

Լրահոս

Դիտել ավելին