Կարևոր իրադարձություններ

Մորն սպանած տղամարդը հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում. ՔԿ

15 Մարտ, 2019 19:32
Մորն սպանած տղամարդը հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել՝ 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տարեց կինը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: 62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը 14.05.2007թ. «ասթենո-դեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին