Կարևոր իրադարձություններ

Նոր Զելանդիայում երկու մզկիթներում հրաձգություն է տեղի ունեցել

15 Մարտ, 2019 13:39
Նոր Զելանդիայում երկու մզկիթներում հրաձգություն է տեղի ունեցել

Նոր Զելանդիայում երկու մզկիթում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 49-ի։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ զինյալը Facebook-ով ուղիղ հեռարձակել է Քրայսթչերպ քաղաքի մզկիթի վրա հարձակման տեսանյութը՝ «Մանիֆեստի» հրապարակումից հետո, որում դատապարտել է ներգաղթյալներին։

Երկրի վարչապետ Ջասինդա Ադեռնը հայտարարել է, որ երկրում մտցվել է անվտանգության սպառնալիքի բարձր մակարդակ։ Նա նշել է, որ բերման է ենթարկվել չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք ծայրահեղական հայացքներ ունեն, բայց չեն գտնվել ոստիկանության տեսադաշտում։

Ոստիկանության կոմիսար Մայք Բուշն ասել է, որ 49 մարդ է սպանվել երկու մզկիթում։ Մոտ 30 տարեկան տղամարդուն սպանությնա մեղադրանք է ներկայացվել։

Տեսանյութը, որը լայնորեն տարածվել է սոցցանցերում եւ որն, ըստ երեւույթին, նկարահանել է զինյալը, ցույց է տալիս, թե ինչպես է նա մտնում մզկիթ ու սկսում կրակել պատահական մարդկանց վրա։

Ականատեսի խոսքով՝ կրակողը սպիտակամորթ է, շիկահեր, սաղավարտով ու զրահաբաճկոնով։ Տղամարդը ներխուժել է մզկիթ, երբ հավատացյալները ծնկի էին իջել աղթոքի համար։ «Նա մեծ ատրճանակ ուներ, սկսեց կրակել բոլորի վրա»,- ասել է Ահմադ ալ Մահմուդը՝ ավելացնելով, որ իրեն եւ մյուսներին հաջողվել է փախչել ապակե դռնով։

Հրաձիգի «մանիֆեստում» հիշատակվում է «սպիտակ ցեղասպանության» մասին՝ տերմին, որը սովորաբար օգտագործվում է ռասիստական խմբերի կողմից՝ իրենց դրդող պատճառների մեջ ներգաղթը եւ փոքրամասնությունների թվաքանակի աճը նշելու համար։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հաստատել է, որ հրաձիգը Ավստրալիայի քաղաքացի է։ Նա նրան անվանել է «աջ արմատական, ծայրահեղական եւ ահաբեկիչ»։

 

Լրահոս

Դիտել ավելին