Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են ակտիվացել մարզպետները. «վերեւները» «պլան» են դրել. Եղել է փակ քննարկում․«Փաստ»

15 Մարտ, 2019 09:37
Ինչո՞ւ են ակտիվացել մարզպետները. «վերեւները» «պլան» են դրել. Եղել է փակ քննարկում․«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» եւ վերահսկողություն սահմանել հատկապես ֆինանսական հարցերում:

Թերթի տեղեկություններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ, մինչեւ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որ կա՛մ հրաժարական ներկայացնեն, կա՛մ «հավատարմության երդում» տան: 

Խնդրի վերաբերյալ, ըստ տեղեկությունների, անցած շաբաթ եղել է փակ քննարկում եւ հանձնարարվել է գործընթացն արագացնել: Հավանաբար դա է պատճառը նաեւ, որ վերջին օրերին մարզպետներից մի քանիսն ակնհայտ, բաց տեքստով թիրախային քննադատում են առանձին համայնքապետների՝ այս կերպ փորձելով «շեֆության» աչքին առավել գործուն ու նվիրյալ երեւալ:

Մի քանի մարզպետներ տարբեր առիթներով դժգոհել եւ կեղծ լուրեր են տարածել, որ մի քանի «չարաճճի» ՏԻՄ ղեկավարներ տապալել են ներդրումային ծրագրեր, որպեսզի մարզում տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազեն: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ մարզպետներից մեկն իր հարցազրույցներից մեկում էժանագին քարոզչական հնարքների է դիմում՝ խոսելով մարզում սպասվող մի քանի միլիարդի հասնող ներդրումների մասին, որոնց, սակայն, կառավարությունը դեռեւս հավանություն չի տվել:

Սա նշանակում է, որ այս պոպուլիստական քայլով մարզային ղեկավարները հերթական «դամոկլյան սուրն են կախում» կառավարության գլխին՝ նորից անիմաստ հարվածի տակ դնելով կառավարության, հատկապես վարչապետի վարկանիշը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին