«Շաբաթ» թերթը գրում է՝ հղում անելով իր աղբյուրներին․ «Ջազվեն քանդելուց հետո Միքայել Մինասյանը հոգեկան ծանր վիճակում է հայտնվել։ Նա չափազանց վրդովված արտահայտվել է իր նեղ շրջապատում, որ փոշմանում է տարիներ շարունակ այդքան հսկայական փողեր է ծախսել ոչ եկամտաբեր հեռուստաընկերությունների վրա և պահել է անօգուտ ու ձրիակեր քաղաքական գործիչներ։ Միքայել Մինասյանի այս վրդովմունքի պատճառն այն է, որ աներոջ պաշտոնաթողությունից հետո Առողջապահության նախարարը հեշտությամբ գործից ազատեց և հրապարակեց իր հորը վարկաբեկող մի շարք տվյալներ, իսկ հիմա էլ արդեն Երևանի քաղաքապետը քանդեց իր ամենակարևոր բիզնեսը։ Օպերայի Ջազվեն էմոցիոնալ առումով այդքան ծանր է նստել Մինասյանի վրա, քանի որ այս բրենդը ասոցացվում էր նրա անվան հետ և շատ մեծ հարված էր նրա հեղինակությանն ու քաղաքական քաշին։
Այս ապրումներից ու հրապարակային հերթական մեծ ֆիասկոյից հետո Միքայել Մինասյանի շրջապատի խորհրդատուները նորից փորձել են իրեն հանգստացնել ու համոզել, որ ամեն ինչ այդքան վատ չէ, և որ սա է այն միակ հնարավոր ճանապարհը, որով նա կվերադառնա իշխանության։ Նրա խորհրդատուները կրկին բացատրել են Մինասյանին, որ իր հերթական պարտությունը օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ ամեն ինչի մեղավորը տեխնոլոգիական առաջընթացն է։ Բանն այն է, որ հեռուստաընկերություններն այլևս դադարել են լինել ազդեցիկ ինֆորմացիայի աղբյուր, դրա համար շատ պաշտոնյաներ այլևս չեն վախենում իրենից։
Մինասյանն էլ այս ամենին արձագանքել է նոր հրամանով․ ամեն օր տպագիր մամուլում պիտի հոդվածներ լինեն Հայկ Մարությանի և Արսեն Թորոսյանի դեմ։ Մինասյանը հանձնարարել է ամեն օր, ամեն առիթով պատվիրված հոդվածներ դնել քաղաքապետի դեմ և նույնը շարունակել Առողջապահության նախարարի դեմ։ Մինասյանի թիրախ դարձած պաշտոնյաների սևացման հանձնարարականը պիտի շարունակվի այնքան ժամանակ, մինչև իրեն նեղացրած պաշտոնյաները հրաժարական տան։ Մինասյանի նեղ շրջապատը ուրախացել է այս հրամանից հետո, քանի որ կարող է շարունակել իրենց պետքականության իմիտացիան, շարունակել աշխատավարձ ստանալ նրանից և շարունակել նոր փողեր դուրս գրել իրենց մտերիմ լրագրողների և իրենց համար»։