Կարևոր իրադարձություններ

Արցախյան հարցի ներքաղաքական երեսը. Ինչ են քննարկել Փաշինյանն ու Բալասանյանը․«Ժամանակ»

15 Մարտ, 2019 08:17
Արցախյան հարցի ներքաղաքական երեսը. Ինչ են քննարկել Փաշինյանն ու Բալասանյանը․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի համար Արցախ այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ այսպես ասած՝ ներքաղաքական թեմայով, մասնավորապես Արցախի նախագահի թեկնածուի հավակնորդ, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թվականին, եւ այդ իրադարձությունն անշուշտ կարեւոր է թե՛ ներարցախյան, թե՛ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների տեսանկյունից: Այդ հարցը հատկապես առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանում թավշյա հեղափոխության, եւ միեւնույն ժամանակ արցախյան հարցում Հայաստանի իշխանության նոր քաղաքականության համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վարում է Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ձգտի չմիջամտել Արցախի իշխանության ձեւավորման գործընթացին: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իր հետաքրքրությունը չունենալ դրանում, եւ Երեւանի համար չի կարող միեւնույն լինել Արցախի ներքին քաղաքական գործընթացների տրամաբանությունը:

Որովհետեւ, ինչպես, օրինակ, Հայաստանի դատական համակարգում, չմիջամտելու դեպքում բավական շոշափելի է դառնում նախկին համակարգի ազդեցության հնարավորությունը: Իսկ այն, որ արցախյան գործընթացում կա Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թեւերի շահագրգռությունների հանգամանքն ու նաեւ որոշակի ազդեցությունը, այդ թվում՝ Արցախի ներկայիս իշխանության տարբեր թեւերի հետ սերտ կապերի առումով, աներկբա է:

Ըստ այդմ ուրվագծվում է որոշակի հնարավոր հարաբերակցություն եւ հարցադրում՝ արդյո՞ք Արցախի նախագահի ընտրությունը Հայաստանի նախկին իշխող համակարգը կփորձի վերածել Հայաստանում տապալման կամ մերժման ռեւանշի, Արցախի իշխանության շահագրգիռ շրջանակների օգնությամբ օգտագործելով նաեւ այդ միջոցով եղած ազդեցությունն Արցախում: Թե՞ 2020 թվականի ընտրությունը Արցախի համար կօգտագործվի որպես թե՛ նոր Հայաստանին, թե՛ Հայաստանի արցախյան նոր քաղաքականությանն ու մոտեցումներին համարժեք արցախյան քաղաքական իրականություն եւ իշխանություն ձեւավորելու հնարավորություն:

Արդյո՞ք Փաշինյանի արցախյան այցի ընթացքում քննարկվել են այդօրինակ հարցեր, եւ արդյո՞ք եղել է Վիտալի Բալասանյանի հետ հանդիպում, ու ի՞նչ համատեքստում: Ի վերջո, հանդիպման փաստը ինքնին տարօրինակ լինել չի կարող, սակայն փաստն էլ ինքնին չի կարող նշանակել, որ քննարկվել է Բալասանյանին Երեւանի աջակցության հարցը:

Այն, որ Արցախի նախագահի գրեթե բոլոր թեկնածուները կփորձեն ամեն կերպ որեւէ թել գտնել այսպես ասած՝ Երեւանի աջակցության մասին ակնարկներ անելու, կամ ամեն մի թելը այդպիսի աջակցության վկայության խողովակ ներկայացնելու առիթ կամ հնարավորություն, անկասկած է:

Եվ այստեղ ակնառու է, որ Երեւանը չպետք է թույլ տա այդպիսի շահարկումների առիթ, հատկապես երբ խոսքը վերաբերում է շրջանակների եւ գործիչների, որոնք ուղղակի ասոցացվում են Հայաստանի նախկին համակարգի հետ, անկախ, իհարկե, նրանց պատերազմական վաստակից: Վերջին հաշվով, ժամանակն է նաեւ այդ իմաստով տարբերակել մեկը մյուսից՝ քաղաքական ապագայի հարցերը հերոսական անցյալի վաստակից: Հայաստանում եւ Արցախում նախորդ շրջափուլի էական խնդիրների արմատներից մեկը եղել է նաեւ հենց այդ հասկացությունների անհարկի, իսկ հաճախ նաեւ մանիպուլյացիոն շաղախումը, որից պետք է ձերբազատվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, հերոսական անցյալը դնելով իր տեղում, քաղաքական ապագայի հարցերը՝ իրենց: Այդ դեպքում ամեն ինչն իր տեղում ստանում է շատ ավելի մեծ էֆեկտիվություն հանրային ու պետական շահի, անվտանգության ու ապագայի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին