Կարևոր իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաները ներմուծելու ժամանակ ենք տալիս, հետագայում չենք անդրադառնալու. նախարար

12 Մարտ, 2019 13:45
Աջ ղեկով մեքենաները ներմուծելու ժամանակ ենք տալիս, հետագայում չենք անդրադառնալու. նախարար

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Այն կներառվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ, որը մեկնարկելու է մարտի 13-ին:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների՝ ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և ՀՀ մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ:

Ըստ նածարարի հնարավորություն կընձեռնվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկերով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև այս տարվա մայիսի մեկը:

«Կուզեի հստակ հնչեր, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018 թվականի ընթացքում: Այսինքն՝ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում: Մենք ուղղակի ժամանակ ենք տալիս, որպեսզի այդ կուտակված մեքենաները ներմուծվեն, և մաքսային տարածքում մենք խնդիրներ չունենանք»,- ասաց նախարարը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ այս ընկերությունների հետ բանակցությունների ընթացքում խնդրել են, որպեսզի նախարարությանը տրամադրեն այն մեքենաների քանակը, որոնք արդեն գնվել են: Սկզբում, ըստ նրա, ներմուծողները թվեր էին հնչեցնում՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազարի շրջանակներում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին