Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախկին փոխնախարարը գրավի դիմաց ազատ է արձակվել

09 Մարտ, 2019 18:40
Առողջապահության նախկին փոխնախարարը գրավի դիմաց ազատ է արձակվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին»,- ասաց նա:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մարտի 7-ին ձերբակալվել է ՀՀ առողջապահության անախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին