Կարևոր իրադարձություններ

Հայ մասնագետները Սիրիայում ականազերծել են 10510 քառակուսի մետր տարածք, հիվանդներին ցուցաբերել են 50 վիրահատական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն

07 Մարտ, 2019 15:26
Հայ մասնագետները Սիրիայում ականազերծել են 10510 քառակուսի մետր տարածք, հիվանդներին ցուցաբերել են 50 վիրահատական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն

Փետրվարի 19-ից մինչև օրս հայ մասնագետները Սիրիայում ականազերծել են 10510 քառակուսի մետր տարածք, հիվանդներին ցուցաբերել են 50 վիրահատական և 100 թերապևտիկ բնույթի օգնություն, իրականացրել են 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն:

Այս մասին ասված է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը:

 Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում:

Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին: Մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:

Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում:

 

Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին