Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն ընդունեց մեծ աղմուկ հանած նախագիծը

07 Մարտ, 2019 12:54
Կառավարությունն ընդունեց մեծ աղմուկ հանած նախագիծը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ նախագծի նախատեսվում է կառավարության հետեւյալ կազմը եւ կառուցվածքը՝

Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը»:

Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետերի փոխարեն կլինի 2 փոխվարչապետ:

17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:

«Առաջարկվում է միաձուլել Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Առաջարկվում է միաձուլել Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն։

Առաջարկվում է միաձուլել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն»,- նշել է նախագիծը ներկայացնող Արտտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ առաջարկվում է նաեւ Տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարարությունը վերանվանել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով տրանսպորտի նախարարության բոլոր գործառույթները, նաեւ նախարարությանը հանձնել ռազմարդյունաբերության կոմիտեն:

Առաջարկվում է Սփյուռքի նախարարությունը միավորել վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միեւնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:

Նախագծի ընդունման պարագայում՝ կընդգծվի այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության եւ վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության եւ վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ եւ արդյունավետ կազմակերպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին