Կարևոր իրադարձություններ

Գետն ընկած ավտոմեքենան ուղղած և տուժածներին առաջին օգնություն ցուցաբերած դպրոցականներին ընդունել և պարգևատրել է Լոռու մարզպետը

07 Մարտ, 2019 12:05
Գետն ընկած ավտոմեքենան ուղղած և տուժածներին առաջին օգնություն ցուցաբերած դպրոցականներին ընդունել և պարգևատրել է Լոռու մարզպետը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել ու պարգեւատրել էավտովթարի ականատես դարձած 3 դպրոցականներին՝ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Լոռու մարզպետարանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն Քոչարյանի եւ Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով:

Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին եւ հայտնվել Տանձուտ գետում:

Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլեւ մինչ փրկարարների ժամանելը, ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը եւ տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են հանդիսանում: Էդիկի, Էդմոնի եւ Տիգրանի խիզախ արարքի լուրը հուզել ու միաժամանակ հպարտության առիթ էր տվել նաեւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նա այսօր հյուրընկալեց քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին եւ անձամբ շնորհակալություն հայտնեց անձնվեր քայլի համար:

«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,-ասել է մարզպետը:

Նա տղաներին հորդորեց լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքերը ծառայեցնել հանուն երկրի զարգացման:  Ա. Ղուկասյանը տղաներին պարգեւատրեց շնորհակալագրերով եւ նվերներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին