Կարևոր իրադարձություններ

Մարմնավաճառ ձևացած աղջիկը 10 հազար դոլարի դիմաց սպանել է Սպիտակի բնակչին

05 Մարտ, 2019 17:00
Մարմնավաճառ ձևացած աղջիկը 10 հազար դոլարի դիմաց սպանել է Սպիտակի բնակչին

Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2018թ. մարտի 8-ին արձանագրված Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի մահը` թմրամիջոցների գերդոզավորմամբ որպես դժբախտ պատահար ձևացնելու եղանակով վերջինիս սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 2 անձ կալանավորվել է: 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ  անցած տարի  մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին. դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:

Դեպքից ամիսներ անց, այլ քրեական գործերի շրջանակներում, պարզվել են հիշյալ դեպքին առնչվող նոր հանգամանքներ:

Ըստ աղբյուրի, 2019թ. փետրվարին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ ՔԿՀ-ի կալանավորը՝  ծնված 1974թ. թվականին, ով մեղադրվում էր մարդու առևանգման համար և ում վերաբերյալ քրեական գործն այդ պահին գտնվել է դատաքննության փուլում, վրեժի շարժառիթով իր խցակցին՝ 1995թ. ծնված երիտասարդին, պատվիրել է հիշյալ գործով տուժող, Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված Է.Գյուլազյանի սպանությունը՝ մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:

Վերջինիս սպանությունը պատվիրելու համար նախատեսված վարձավճարի՝ 10 000 ԱՄՆ դոլարի շուրջ համաձայնության գալուց հետո, 23-ամյա խցակիցը քրեակատարողական հիմնարկից կապ է հաստատել 1995թ. ծնված իր ծանոթուհու հետ և ստացել սպանությունը նման եղանակով և համապատասխան գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը։

Այնուհետև, սպանությունն իրագործելու վերաբերյալ նախապես մշակված սցենարի և մեխանիզմի համաձայն՝ 23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով, կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և Գյումրի քաղաքի հյուրանոցներից  մեկում հանդիպել վերջինիս, որտեղ և թմրամիջոց է ներարկել նրան՝ տպավորություն ստեղծելու համար, թե մահը, իբր, վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորումից:

Հանցանքը թաքցնելու համար, գիտակցությունը կորցրած և անօգնական վիճակում գտնվող երիտասարդ տղամարդուն տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ և վերջինս 08.03.2018թ. ժամը 08։00-ին հայտնաբերվելուց հետո՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապահին, մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ` արտածին նյութերով սուր թունավորումից, որի կազմի մեջ են եղել «մեթամֆետամինի» և «կանաբինոիդների» խմբին պատկանող թմրալկալոիդներ։

Նկատի ունենալով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նոր հանցագործության, այն է՝ այլ հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, մի խումբ անձանց կողմից պատվերով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից դիտավորությամբ զրկելու դեպք, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով և առանձնացվել առանձին վարույթ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Է.Գյուլազյանի մահվան փաստի առթիվ 2018թ. ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք հետագայում կասեցվել են, իսկ Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ 14.08.2018թ. որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Քննչական բաժնում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019թ. մարտի 4-ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի` Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 14.08.2018թ. որոշումը։

Բավարար ապացույցների համակցությամբ 1995թ. ծնված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ նույն թվականին ծնված տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.03.2019թ. որոշումներով վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 1974թ. սեպտեմբերի 5-ին ծնված Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարում՝ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանը

Քննչական կոմիտեն խնդրում է նրան ճանաչողներին  զանգահարել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ 010 57 89 05,  010 57 23 65 հեռախոսահամարներով, կամ  Ոստիկանության Էրեբունու բաժին՝ 57 00 88 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին