Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

«Պետական այրեր, ժամանակ մի՛ ծախսեք անհիմն «բողոք-նամակ»-ների վրա, խնայեք ձեր ժամանակը». Անահիտ Բախշյան

05 Մարտ, 2019 11:51
«Պետական այրեր, ժամանակ մի՛ ծախսեք անհիմն «բողոք-նամակ»-ների վրա, խնայեք ձեր ժամանակը». Անահիտ Բախշյան

Արդեն պատասխանել եմ «Հայկական ժամանակ» կայքի փետրվարի 25-ին հրապարակված «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով  հոդվածին, որտեղ «Հերացի» ավագ դպրոցի և իմ մասին ապատեղեկատվություն էր տարածվել։

Ստիպված եմ երկրորդ անգամ անդրադառնալ այս դպրոցին՝ մեր օրերում շատ տարածված անհիմն, բամբասանքի մակարդակի իջնող շարունակական դիմում բողոքների շարքին, հատկապես, երբ դրանց հեղինակները մանկավարժներն են։ Տարիներ շարունակ իրենց կողքին եմ միշտ կանգնել, երբ նրանց հետ  անարդար են վարվել,  իրավունքներն են ոտնահարվել, երբ ըստ արժանվույն չեն գնահատվել կամ նրանք չեն ուզեցել հարմարվել  կոռուպցիոն տարբեր  երևույթների հետ ու ընդվզել են։

Նման դեպքերում,  չհարմարվելու կամ չհանդուրժելու և նման փաստերի մասին ստացածս տեղեկությունների մասին անմիջապես բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ  ու հրավիրում   պատկան մարմինների ուշադրությունը։ Երբե՛ք   չեմ անդրադարձել  անանուն բողոքներին ու այդ մասին միշտ հայտարարել եմ։ Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև  ստորև ասելիքս  «Հերացի» ավագ դպրոցին վերաբերող, այս պարագայում դպրոցում աշխատող ուսուցչուհու չհիմնավորված բողոքների մասին է։

Կրկին տեղեկացնում եմ, որ փետրվարի 8-ին  ԵՊԲՀ-ի ռեկտորի  հետ կնքած աշխատանքային պայմանագրով աշխատում եմ որպես «Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված Մասնագետ, որը փաստում է ԵՊԲՀ հիմնադրամի  ստորաբաժանում հանդիսացող  դպրոցում կրթության որակն անընդհատ բարելավելու նպատակով ԵՊԲՀ-ի ռեկտորի  սևեռուն նպատակի մասին։ Իմ աշխատանքային պայմանագրի 9 կետերով  պարտավորվել եմ նպաստել դպրոցի հեղինակության է՛լ ավելի բարձրացմանը, Ավագ դպրոցում նախամասնագիտական կրթության կազմակերպման որակի բարելավմանը, ուսումնական պլանների ճկուն համակարգի ներդրմանը, դպրոցի կառավարմանը աշակերտների մասնակցության նոր մոդելի ներդրմանը, որի հաջողված փորձն ունեցել եմ։

Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ չնայած մինչ աշխատանքային պայմանագիրը ստորագրելս, ուսումնասիրելի էի դպրոցը, բայց աշխատանքի անցնելուց հետո ինձ հաճելիորեն զարմացրեց դպրոցի հաճելի մթնոլորտն ու բովանդակությունը։ Դպրոցում հիմնականում   աշխատում են նվիրյալ մանկավարժներ, որոնց մեջ կան շատ երիտասարդներ։

Սակայն, ընդամենը 20 աշխատանքային օրում առերեսվել եմ «Հերացի» ավագ դպրոցում  աշխատող կենսաբանության երիտասարդ ուսուցչուհի Անժելա Կարապետյանի կողմից հնչող տարատեսակ բողոքների հետ, որոնց բովանդակությանը, որպես Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, այլ քաղաքացու՝ Նազիկ Կոլոլյանի անունով, արդեն ծանոթ էի, ում «բողոք»-ի հիման վրա դպրոցում  ս․թ․ հունվարի 9-11-ը  կրթության տեսչական մարմինն իրականացրել է ստուգումներ, որոնց արդյունքում բողոքի կետերը հիմնականում չեն համապատասխանել իրականությանը։ Մեր ձեռքի տակ է այդ ստուգումների մասին տեղեկանքը, որին տեղյակ պետք է լինեին նաև ԿԳՆ մասնագետները։

Ինչի՞ց է բողոքում այս ուսուցչուհին այն դեպքում,  երբ  իրեն թույլ է տալիս մանկավարժական խորհրդի նիստից  հեռանալ ու այն հիմնավորել՝ գրելով մի  բացատրագիր, որի մեջ գրված  է․  «Նիստը սկսվեց ժամը 15․15, ուստի ես 15․50 շատ շտապ դուրս եկա դպրոցից, որպեսզի հասցնեմ ներկայանալ Թումանյան 39 հասցեում գտնվող «Nouvelle Estetique» գեղեցկության սրահ։

Ով փետրվար ամսին կարող է դիմում գրել տնօրենին՝ հրաժարվելով 11-րդ դասարանում դասավանդվող իր ժամերից և այն հիմնավորել հետևյալ տողերով․ «խնդրում եմ Ձեզ իմ 11-4 դասարանի դասաժամերը տրամադրել մեկ այլ մասնագետի, քանի որ տեղյակ եմ աշակերտներին և ծնողներին պարբերաբար զանգելու (երեկոյան ժամերին) և իմ դեմ հրահրելու մասով»։ Ո՞վ, ինչո՞ւ է հրահրում երեխաներին և ծնողներին իր դեմ, երբ երեխաներն ասում են, թե իրենք սիրում են ուսուցչուհուն, այդպես էլ չպարզվեց, որովհետև ծնողներն ու աշակերտները հերքեցին ուսուցչուհու գրածը։ Այս ուսուցչուհու ձեռամբ գրված այսպիսի  տարօրինակ բացատրություններ շատ կան։

Ով  փետրվարի 28-ին ժամը 12․50-ին  դուրս է գալիս դպրոցից ու այդ քայլը հիմնավորում է այսպիսի բացատրությամբ․ «Խնդրում եմ Ձեզ թույլ տալ ինձ դուրս գալ դպրոցից, քանի որ 2 դասաժամ է ինձ մնացել 12-2 դասարանում դաս վարելու համար, բայց դասարանը չի ներկայացել դասի»։ Իհարկե տնօրենը չի թույլատրել, իսկ փոխտնօրենի զեկուցագրի համաձայն 12-2 դասարանն այդ օրը 2-րդ հերթով էր գալու և  դասը  պետք է սկսվեր ժամը 14․05-ին, ներկա են եղել 14  աշակերտ, հետևաբար ուսուցչուհին  դասը չի պարապել ու ընդամենը բանավոր նկատողության է արժանացել։

Հետագայում պարզվում է, որ նույն օրը՝ փետրվարի 28-ին ժամը 15․30-ին նա հերթական բողոքով եղել է ԿԳ նախարարի մոտ ընդունելության ու այնտեղ իրեն չեն ասել, որ նման բովանդակությամբ բողոք-դիմում, բայց այլ հեղինակից, Կրթության տեսչական մարմինն արդեն ստացել  է և իրենց ձեռքի տակ է տեսչական մարմնի տեղեկանքը, որտեղ հիմնականում այդ «փաստերը» չեն համապատասխանում իրականությանը, չեն հարցրել՝ այս ժամին ինչո՞ւ Դուք դպրոցում չեք, երբ տարիֆիկացիայով ունեք 33 ժամ և մի այլ բացատրագրում անձամբ է գրել, որ իր աշխատանքն ավարտվում է 16․30-ին։

Այսինքն՝ առանց թույլտվության, աշխատանքի ժամին  գնացել է  նախարարին բողոքելու տնօրենից  ու ինքն իրեն հարց չի տվել, թե որքանո՞վ է ինքն իրավացի, ինչո՞ւ դպրոցում հենց իր ու իրեն դաշնակից մեկ այլ ուսուցչուհու շուրջ է ձևավորվել  անառողջ մթնոլորտ, ինչո՞ւ մանկավարժական կոլեկտիվի մեծամասնությունն իր դեմ  է  դուրս եկել, ի՞նչ հիմքով է, փաստորեն,  կասկածի տակ դնում Կրթության տեսչական մարմնի ստուգման արդյունքները։

Հիմա տեսնենք, թե այդ  բողոքները որքանով են  հիմնավորված։ Հատկապես ավագ դպրոցի գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներից առաջինն ինձ համար  ԳԹԿ-ի կողմից արտաքին գնահատման արդյունքներն են։ 2018թ․ աշնանը դպրոցի 12-րդ դասարանների 225 աշակերտ մասնակցել է «հայոց լեզու» առարկայի արտաքին գնահատմանն ու Երևանի թվով 19 պետական ավագ դպրոցներում իրականացված արտաքին գնահատման  մեջ 6․88 միավորով առաջին արդյունքն է ունեցել, 227-ը՝ մաթեմատիկայի արտաքին գնահատման արդյունքը՝ 5․93, երկու դեպքում էլ Երևանի միջին միավորից բարձր։ Սա կրթության մասին լավ ցուցանիշ է։

2016-2017ուս տարում  արտաքին և ներքին գնահատման արդյունքների համեմատականի մասին 11-րդ դասարաններում անցկացրած արտաքին գնահատման եզրակացության մեջ ԳԹԿ-ն արձանագրել է․ «արդյունքները գոհացուցիչ էին, քանի որ աշակերտների ստացած գնահատականները հիմնականում համընկնում էին իրենց 1-ին կիսամյակային գնահատականների հետ», որը փաստում է, որ այստեղ կոռուպցիան բացառվում է։

Աշակերտների թիվը 693,  Ըստ Dasaran-ի “E-Stat” էլեկտրոնային վերլուծական գործիքի, Երևանի ավագ  դպրոցներում երկրորդն է իր աշակերտների թվով, սա խոսում է ծնողների մոտ վստահության բավականին բարձր աստիճանի մասին։

Ինչ վերաբերում է աշակերտների հաճախումների գրանցումներին, Կրթության տեսչական մարմնի կողմից 2019թ․ հունվարի 31-ին և փետրվարի 1-ին  դպրոցի 11 և 12-րդ դասարաններում  իրականացված աշակերտների հաճախումների վերաբերյալ  առկա է տեղեկանք, ըստ որի 316 աշակերտներից բացակա են եղել 28-ը, այսինքն ՝ 9%-ը։

Դպրոցում աշակերտների կողմից իրականացվում են հետազոտական աշխատանքներ։ Բարձր է օլիմպիադաների հանրապետական մակարդակում դպրոցի աշակերտների  մասնակցության աստիճանը։  Այս ամենի մասին հետևեք դպրոցի կայքէջին, որտեղ շուտով այս բոլոր տվյալները  մանրամասն ու պատշաճորեն կներկայացվեն։

Այստեղից կարելի անել հետևություն այն մասին, թե որքանով  են «հիմնավոր» կամ ուշադրության արժանի  այդ «բողոքները»։

Այս հոդվածով ես չեմ ստանձնում տնօրենի պաշտպանի դերակատարությունը, որովհետև ինքը պաշտպանված է  իր գործունեությամբ։

Հ․Գ․ Ո՞րն է այս հոդվածիս նպատակը։ Արդեն 12 տարի է դուրս էի եկել դպրոցից ու հեռվից էի հետևում տարբեր դպրոցներում կրթության կառավարման գործընթացներին, տարբեր բովանդակությամբ  բազմաթիվ բողոքներ եմ ստացել ու ստանում  մինչ օրս, բայց  չեմ հիշում, որ հանդիպել եմ այսքան անհիմն   բովանդակությամբ բողոքների շարքի։  Ես չգիտեմ, թե ԿԳՆ-ն այդ կնոջ «բողոքի» հիման վրա ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, արդյո՞ք ինքն էլ է կասկածի տակ առնելու Կրթության տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, կարծում եմ մեր ձեռքի տակ գտնվող Կրթության տեսչական մարմնի տեղեկանքները թույլ են տալիս պնդել, որ լիազորված պետական մարմինը դրանք պետք է ճանաչի։ Առաջարկում եմ  այսուհետ  պատասխանատվության ենթարկելու  մի մեխանիզմ մշակել  այն քաղաքացու նկատմամբ, որի «բողոք»-ը չի հաստատվում, որպեսզի վերջ տրվեն բամբասանքի մակարդակում գրված «բողոքներին» և պետական մարմինների պաշտոնյաներն  իրենց թանկ ժամանակը չսախծսեն այսպիսի անհիմն դիմում-նամակների վրա։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

05․03․2019թ․

 

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին