Կարևոր իրադարձություններ

Սպանություն նախապատրաստելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

05 Մարտ, 2019 10:28
Սպանություն նախապատրաստելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկու անձ կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ եւ ձախ կեսի կողմնային մակերեսներին եւ աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցած քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ.:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` տվյալներ են  ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., եւ Իջեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989թ., նախնական համաձայնություն են ձեռք բերել 1990թ. ծնված երիտասարդին սպանելու շուրջ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին 29 եւ 34-ամյա տղամարդիկ կատարել են սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Վերջիններս,  պարբերաբար այցելելով 28-ամյա երիտասարդի բնակության վայր, փորձել են ճշտել սպանությունն իրականացնելու հնարավոր եղանակները, նրա գտնվելու վայրի եւ մեքենա վարելու մասին հանգամանքները:

Պարզվել է նաեւ, որ 2019 թվականի փետրվար ամսին նշված անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել եւ կրել գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 3 հատ  7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ 1990թ. ծնված երիտասարդը սպանվել է, իսկ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակը եւ ռազմամթերք հանդիսացող 3 հատ  7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող  փամփուշտները 2019 թվականի փետրվարի 27-ին հայտնաբերվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում կատարված խուզարկությամբ:

Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչին եւ Իջեւան քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին