Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է իրեն առաջադրված նոր մեղադրանքը․ CIVILNET

04 Մարտ, 2019 18:08
Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է իրեն առաջադրված նոր մեղադրանքը․ CIVILNET

Civilnet-ը գրում է․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շինծու է որակել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա իր դեմ նոր մեղադրանքի առաջադրումը։

168․am-ում հրապարակված հարցազրույցում հարցին, թե ինչպես է գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը, Քոչարյանն ասել է․

«Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա»։

Քոչարյանը նշել է, որ իր դեմ առաջադրված «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքը բացարձակ անհեթեթություն է․

«Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։ Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է»։

Անդրադառնալով իր որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առաջադրված մեղադրանքին, Ռոբերտ Քոչարյանն ասել է․

«Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր»։

168.am-ում հրապարակված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսում է նաև Ղարաբաղյան բանակցությունների, Հայաստանի ներքաղաքական խնդիրների և տնտեսության մասին։

***

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի մեջ է 2018թ․ դեկտեմբերի 7-ից։ Նա մեղադրվում է 2008թ․ նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաև ենթադրյալ կաշառք ստանալու հոդվածով:

Մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու հոդվածով։

Մարիա Եղիազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին