Կարևոր իրադարձություններ

«Անշնորհակալ գործ է Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը»

04 Մարտ, 2019 10:04
Հեղինակ՝ Արսեն Խառատյան
 «Անշնորհակալ գործ է Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը»

Արսեն Խառատյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Ինչ խոսք անշնորհակալ գործ է Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը, հիշեցնեմ սակայն, որ իրավական պետությունում յուրաքանչյուր ոք պատշաճ պաշտպանություն ստանալու իրավունք ունի: Այս տեսանկյունից մասնագիտական պարտականություններն իրականացնելու համար Հայկ Ալումյանին պախարակելը արդար չէ, այլ խնդիր է հարցի բարոյական/էթիկական հարթությունը, հատկապես հաշվի առնելով Ալումյանի նախկին` իրավապաշտպան գործունեությունը, ինչը, սակայն` իր անձնական ընտրությունն է:

Ինչ վերաբերվում է Գառնիկ Իսագուլյանին, ապա ըստ իս այս մարդն ինքը դեռ պատասխանատվության կանչվելու խնդիր ունի: Անձամբ ես, հիմնարար կասկածներ ունեմ, որ դեռեւս 2004 թվականին, երբ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր, հենց իր առաջարկ/ցուցումով դաժանաբար ծեծի ենթարկվեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Հիշեցնեմ, որ սա ապրիլի 12-ի հայտնի «կոլցո» օպերացիային հաջորդած ներքաղաքական լարված շրջանն էր, երբ մենք` ԱԺ ներկայիս նախագահ Ararat Mirzoyan-ի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Vladimir Vardanyan-ի, ԱԺ պատգամավոր Hovhannes Hovhannisyan-ի, այն ժամանակվա Հանուն գիտության զարգացման շարժման մեր մի քանի այլ ընկերների հետ առաջիններից հասանք դեպքի վայր, որտեղ օրը ցերեկով Երեւանի կենտրոնի դալաններից մեկում ուշագնաց Մանուչարյանի մոտ էին ոստիկանական ուժերն ու շտապ օգնության ծառայությունը: Տեսարանն այնքան սահմռկեցուցիչ էր, որ մեզ մի պահ թվաց, թե Մանուչարյանը սպանվել է:

Այս գրության մեջ չեմ անդրադառնա այն ժամանակ ուսանողական մեր շարժման այլ անդամների, ովքեր ներկայում ոչ միայն անթաքույց կերպով աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, այլեւ կարծես նրա շուրջ քաղաքական ուժ ձեւավորելու գործին են լծված, սա այս մարդկանց սահմանադրական իրավունքն է, մնում է իրենց խղճի առաջ կոնֆլիկտ չունենան:

Արձանագրել է պետք նաեւ, որ մարտի 1-ը երկար շղթայի մաս է, որը հնարավոր չէր լինի, եթե դրան նախորդած չլինեին Առագաստ սրճարանում 2001 թ-ին ծագումով Նինոծմինդայից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը, 2002-ին «Ա1+» հեռուստաընկերության փակումը, 2004-ի ապրիլի 12-ը եւ դրան հաջորդած սահմանադրական կեղծված հանրաքվեն ու ընտրությունները, մի շարք հայտնի անձանց նկատմամբ բռնություններն ու ձերբակալությունները:

Այս ամենին նախորդել էր իհարկե հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչությունը, որն իմ կարծիքով անկախ Հայաստանի ողնաշարը ջարդած ամենամեծ ոճիրն է եւ որի բացահայտումը` առանց ժամկետների սահմանափակման, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնարար փաստաթղթի գերակայություններից է:

Բայց, ինչպես ասում են, զինվենք համբերությամբ. ամեն ինչ իր ժամանակին...»

 

Լրահոս

Դիտել ավելին