Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

03 Մարտ, 2019 10:26
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան՝ նշանակում է բարի կենդանություն: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Աստված միայն մի բան էր պատվիրել նրանց ՝ չուտել Եդեմի պարտեզի բարու և չարի գիտության ծառից (Ծննդ. 2:16): Սակայն Ադամն ու Եվան խախտում են պահեցողությունն ու, ճաշակելով արգելված պտուղը, կորցնում են դրախտը:

Ադամի և Եվայի դրախտային երանությունն է հիշատակվում Բուն Բարեկենդանի օրը: Այն հավատացյալին հիշեցնում է դրախտային անհոգ ու երջանիկ կյանքի մասին, որն Ադամի ու Եվայի համար բարի կենդանություն էր՝ Տիրոջ ներկայությամբ: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունն ու Աստծո ներկայությունը, որպեսզի Տիրոջ «Ո՞ւր ես» հարցին պատասխան ունենանք և Ադամի նման չթաքնվենք:

Բուն բարեկենդանի օրը մարդիկ ուրախ տոնախմբություններ են կազմակերպում: Սակայն ինչքան էլ Բուն Բարեկենդանը պահքի օր չէ, միևնույնն է, այդ օրը եկեղեցին տուրք չի տալիս ճոխ ու առատ սեղաններին: Աստվածաշնչում ասվում է. «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս և փսխես» (Առակներ 25:16): Սողոմոն Իմաստունի խոսքերը, բնականաբար, միայն մեղրին չեն վերաբերում: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, այլ պետք է ժուժկալությամբ պատրաստվել Մեծ Պահքին:

Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են բոլոր եկեղեցիների վարագույրները, որոնք բացվում են միայն Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Ս. Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, ինչը խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:

Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգն ու պարը:

Արարատյան Հայրապետական թեմում մեծ շուքով են նշում այս տոնը։ Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կիրակի, Ս. Պատարագից հետո, քահանաները, թեմի երիտասարդները քայլերթով Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ սպասվում է տոնական մեծ միջոցառում:

Qahana.am

 

Լրահոս

Դիտել ավելին