Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք առաջնահերթ և կենսական նշանակություն ունեն մեր պետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշմամբ և կեցվածքով են պայմանավորված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը:
Հայաստանը ներկայումս ընթանում է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում համարձակ և անշրջելի բարեփոխումների ճանապարհով: Դուք՝ դիվանագետներդ, նույնպես կարևոր առաքելություն ունեք այս գործընթացներում՝ արտաքին քաղաքական ոլորտում այն ողջ ներուժը նյութականացնելու առումով, որը համակարգվեց մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ:
Թավշյա հեղափոխությունից հետո մի կողմից առերեսվել ենք նոր մարտահրավերների, սակայն, մյուս կողմից, ունենք աննախադեպ հնարավորություններ։ Այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում հասել է մինչ օրս չհաղթահարած ամենաբարձր վարկանիշին։ Յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր հանդիպում ասվածի վկայություններն են։ Մինչ օրս, Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխություններն արժանացել և շարունակում են արժանանալ միջազգային հանրության ամենաբարձր գնահատականին։ Այս ամենը մենք պետք է կարողանանք առարկայացնել արտաքին քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներով:
Սիրելի դիվանագետներ,
Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու կարևորագույն արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր:
Այս հանգրվանում մեր կարևորագույն առաջնահերթությունը քաղաքական հեղափոխության վերածումն է տնտեսական հեղափոխության: Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը մեր այսօրվա անհետաձգելի խնդիրներից է, և ԱԳՆ-ն մեծ դերակատարություն ունի այս հարցում: Մենք պետք է նաև միջազգային ասպարեզում լավագույնս և համապարփակ կերպով ներկայացնենք մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ստեղծվող բոլոր հնարավորությունները:
Հարգելի դիվանագետներ,
Այսօր մենք ունենք բացառիկ միասնություն՝ մեր համազգային օրակարգն առաջ մղելու համար, որի նպատակը մեր պետականության ամրապնդմանը միտված նպատակների և երազանքների իրագործումն է: Այդ առումով ձեզանից ակնկալում եմ հետևողական և անմնացորդ աշխատանք:
Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ նոր խիզախ գաղափարներ և անսպառ եռանդ դրանք իրագործելու ճանապարհին՝ ի շահ մեր պետության հզորացման ու ժողովրդի բարօրության»: