Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով

01 Մարտ, 2019 10:32
Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով

Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին կանցկացվի «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով: Այն անցկացվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարիուսը:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնական զեկուցողներն են թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

 

«Համաժողովի ընթացքում քննարկվելու են հայատյացության տարբեր դրսևորումները, դրանց հետ փոխկապակցված հարցերը: Այսինքն՝ զեկույցներով, քննարկումներով հայատյացության վերաբերյալ համապարփակ պատկերացում է տրվելու: Ինչպես գիտենք հայատյացության դրսևորումներ կան Ադրբեջանում ու Թուրքիայում: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատմական անցյալում չի մնացել, ներկայում էլ մենք պարբերաբար առերեսվում ենք այդ խնդրին: Ահա այս համաժողովը շատ լավ առիթ է, որ եվրոպական կարևոր այս կառույցում բարձրաձայնվեն հայատյացության վերաբերյալ հարցերը և քննարկվեն դրանց դեմ պայքարի ուղիները»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը համոզված է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ հայտյացության քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ:

«Չմոռանանք, որ հայատյացության այն դրսևորումները, որոնց ականտեսն ենք լինում, տեղի են ունենում Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների առաջնորդությամբ: Ադրբեջանում տարիներ շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, վերջերս Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ, Պոլսո հայկական եկեղեցու պատերին ատելության խոսք պարունակող հակահայ գրություններ հայտնվեցին և այլն: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել: Մեր նպատակն է բարձրացնել այս հարցը միջազգային հաստատություններում, որպեսզի նախ և առաջ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը, հասկանան, թե այս ամենը շարունակվելու դեպքում ինչ հետևանքների կարող է հանգեցնել, և ի վերջո, որ իրենց դատողությունները ճիշտ ինֆորմացիայի վրա հիմնված լինեն»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Համաժողովին հիմնական զեկուցողներից Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը և Ռուբեն Մելիքյանը ներկայացնելու են ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություն: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018 թվականի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված հայատյացության զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի, ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսևորումները:

«Ամբողջ փաստերը հավաքագրված են և մեկտեղված են զեկույցներում: Համաժողովի մասնակիցներին կներկայացվի, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Օրինակ, դպրոցներում, մանկապարտեզներում հայատյացության համատարած քարոզը: Այն, որ Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների ելույթներում կարմիր գծով անցնում է հայատյացության քաղաքականությունը: Այս թեզն է առաջ տարվում՝ բոլոր հայերը թշնամիներ են, հայ սպանելը հերոսություն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, հայատյացության հստակ օրինակ  են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, ադրբեջանցի զինվորականների վայրագությունները, գլխատման դեպքերը, քաղաքացիական անձանց խոշտանգումները, հայկական դպրոցները թիրախավորելը: Դրանից հետո կոնկրետ ռազմական հանցագործություններ կատարած անձանց Ադրբեջանի ղեկավարության կողմից պարգևատրելը, նրանց հերոսացնելը և այլն:

«Բացի փաստերից, ներկայացնելու ենք հայտյացության քաղաքականության հիմքերը, դրա հետևանքներ, պոտենցիալ վտանգները: Նման քննարկումները շատ կարևոր են, եվրոպացի գործնկերները պետք է փաստերով տեսնեն, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում: Ներքին զրույցներում նրանք ևս կարևորում են նման զեկույցների պատրաստումն ու հրապարակումը»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին