Կարևոր իրադարձություններ

«Սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Փաշինյանի հայտարարությունը»

28 Փետրվար, 2019 21:55
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
«Սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Փաշինյանի հայտարարությունը»

Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը եթե համաձայնեցված չէ Ռուսաստանի դաշնության և Միացյալ նահանգների հետ, ապա ծագում են անվտանգային ռիսկեր։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

«Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից:

Այս շահի գիտակցումը եղել Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ,և դրանով էր պայմանավորված Իրան - Հայաստան գազատարի կառուցումը՝ թեկուզ նախատեսվածից առավել փոքր տրամագիծ ունեցող խողովակով:

Սակայն բնական գազի տարանցումը, բացի տնտեսական օգուտներից, հարուցում է անվտանգային լուրջ ռիսկեր:

Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և պաշտպանության համակարգում բնական գազի մատակարարման ճանապարհների դիվերսիֆիկացիան հռչակվել էր որպես Ռուսաստանից գազային կախվածության թուլացման միակ արդյունավետ միջոց:

Ճանապարհների փնտրտուքը, վերջին 20 տարիների ընթացքում, պատճառ է դարձել ծանր և արյունալի պատերազմների: Որպես օրինակ բավարար է նշել Սիրիայի պատերազմը:

Որպեսզի փակենք նաև անվտանգային ռիսկերը, անհրաժեշտ է հավաստիանալ, որ այս հայտարարությունը համաձայնեցված է եղել Ռուսաստանի դաշնության և Միացյալ նահանգների հետ:

Եթե նշված համաձայնություններն առկա են և ամրապնդված են գործուն երաշխիքներով, ապա Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է ճանաչել վերջին 20 տարվա Հայաստանի ամենալուրջ դիվանագիտական հաղթանակ:

Իսկ եթե ոչ, ապա նույնիսկ սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունն ու դրա պրակտիկ իրագործումը»,- ասված է նրա գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին