Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը 24 աղբատար մեքենայի մրցույթ կազմակերպելիս որեւէ մեկի հանդեպ հատուկ վերաբերմունք չի դրսեւորել

27 Փետրվար, 2019 12:44
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Քաղաքապետարանը 24 աղբատար մեքենայի մրցույթ կազմակերպելիս որեւէ մեկի հանդեպ հատուկ վերաբերմունք չի դրսեւորել

Երեւանի քաղաքապետարանը 24 աղբատար մեքենաների մրցույթ կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների եւ աղբահանության այլ պայմաններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն օրերս անդրադարձավ քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին: Գրառման մեջ հնչած մի քանի դատողություններին փոքր ինչ ուշացումով անդրադառնանք ստորեւ.

Պարոն Խաժակյանը գրում է. «[Մրցույթի] տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար եւ խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունը այդ մրցույթին»։

Նախ, հիշեցնեմ, որ քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երեւանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Սա, ինչպես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սկիզբն է մի գործըթացի, որի արդյունքում համայնքը ըստ էության կդառնա քաղաքի աղբահանության երկրորդ օպերատորը:

Իրականում, քաղաքապետարանը մրցույթի կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարաւոմ է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների եւ աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի, ասենք, բեռնված մեքենաները կարողանան հասնեն աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարեւոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ-ներ», օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն եւ այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ: Ավելորդ չի լինի նշել, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երեւանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների եւ ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին:

Պարոն Խաժակյանը հարցնում է. «Ինչու՞ է քաղաքապետարանը մրցույթի մեջ նշել Euro-3 ստանդարտը եւ ոչ թե Euro-5-ը»:

Նախ՝ հստակեցնենք. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ նշված է առնվազն Euro-3 ստանդարտի շարժիչի պայմանը: Այսինքն, մրցույթին կարող էին մասնակցել նաեւ Euro-5 ստանդարտով մեքենա առաջարկող ընկերությունները:

Բացի դրանից, միջինում յուրաքանչյուր մեքենայի համար Euro-3 եւ Euro-5 ստանդարտների արժեքի միջեւ կա առնվազն 7 մլն դրամի տարբերություն: Երեւանի քաղաքապետարանը գերադասել է ավելի էժան տարբերակը, որը տեխնիկապես, իր հզորությամբ, որեւէ կերպ չի զիջում Euro-5-ին: 24 մեքենայի հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս մասով Երեւանը 175 մլն դրամ է տնտեսել:

Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ պահանջներով արգելվում է Euro-3 ստանդարտով շարժիչ ունեցող մեքենաների ձեռքբերումն ու շահագործումը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, ապա նշենք, որ Հայաստանի հետ կնքված լրացուցիչ պայմանագրի համաձայն, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից՝ 2014 թվականի մայիսի 29-ից 60 ամիս (5 տարի) հետո: Այս Ժամկետը դեռ չի լրացել:

***

Ուզում եմ մի անգամ էլ շեշտել, որ աղբատար մեքենաների մրցույթը, ինչպես եւ նախորդ ամսիներին քաղաքապետարանի որեւէ գնման գործընթաց, կազմակերպվել եւ անցկացվել է օրենքի տառին համապատասխան: Ամեն դեպքում, եթե կա կասկած, որ գնման գործընթացի մեջ տեղ են գտել խախտումներ, ապա, պարոն Խաժակյանին ոչինչ չի խանգարում ներկայացնել փաստերը իրավապահ եւ/կամ այլ իրավասու մարմիններին»:

 

Լրահոս

Դիտել ավելին