Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը «Շախմատ» առարկայի դասավանդմանը կողմնակից է

22 Փետրվար, 2019 19:55
Արայիկ Հարությունյանը «Շախմատ» առարկայի դասավանդմանը կողմնակից է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող  աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի  անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում: 

ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են,որ հանդիպմանը ներկա են եղել  Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը,  շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի   դասավանդման կողմանակից է, սակայն միաժամանակ, ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես, դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:

Նախարարին ներկայացվել են  մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Առարկայի ներդրման արդյունավետությունը մասնագետները  սկսել են ուսումնասիրել 2012 թվականից սկսած, այսինքն` ներդրմանը զուգահեռ: Կատարվել է բազմակողմ հետազոտություն` ինչպես է ազդում շախմատի ուսուցումը երեխայի մտածողության, վարքի և առաջադիմության վրա: Մասնագետների համոզմամբ` շախմատը օգնում է սովորողների մտածողության զարգացմանը, ինչպես նաև նպաստում ինքնուրույնությանը:

Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, իրականացնել քայլեր առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին