Կարևոր իրադարձություններ

39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հարեւանուհու ոսկյա զարդերը գողանալու համար

22 Փետրվար, 2019 15:55
39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հարեւանուհու ոսկյա զարդերը գողանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջը:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, 2018թ. սեպտեմբեր ամսին հեռախոսակապով ծանոթացել է նույն մարզի բնակչի հետ, ով արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Կինը, տեղեկանալով, որ վերջինս ֆինանսական խնդիրներ ունի, որոշել է հարեւանի տանից գողություն կատարել՝ նրան օգնելու համար:

Քրեական գործով տվյալներ են ձեռքբեր վել առ այն, որ 39-ամյա կինը նախկինում մի քանի անգամ իր հարեւանուհուց, ով նաեւ նրա հեռավոր ազգականն է, պարտքով ոսկյա զարդեր է խնդրել՝ դրանք գրավադրելու նպատակով: Զարդերը վերցնելիս կինը նկատել է, թե որտեղ է հարեւանուհին զարդերը պահում:

2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, օգտվելով հարեւանուհու՝ տանից բացակայելու եւ տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից՝ 39-ամյա կինը մուտք է գործել տուն եւ հափշտակել հարեւանուհու ոսկյա զարդերը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 600 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Նախնական քննությամբ պարզվել է, որ կինը զարդերի մի մասը գրավադրել է գրավատանը, որի դիմաց ստացված գումարով վճարել է ծանոթ տղամարդու պարտք գումարը, իսկ  մնացած զարդերը՝ գրավադրել բանկում, որի դիմաց ստացված գումարի մի մասը դարձյալ տվել է իր ծանոթ տղամարդուն, իսկ մնացածը ծախսել իր կարիքների համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի՝ 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

 

Լրահոս

Դիտել ավելին