Կարևոր իրադարձություններ

Ինչ- որ հատուկ ձայներ չեմ լսում նորաթուխ ԱԺ-ից. իրավապաշտպանը՝ քկհ-ում կալանավորի ինքնասպանության դեպքի մասին

22 Փետրվար, 2019 15:24
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Ինչ- որ  հատուկ ձայներ չեմ լսում  նորաթուխ ԱԺ-ից. իրավապաշտպանը՝  քկհ-ում  կալանավորի ինքնասպանության դեպքի մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նուբարաշեն ՔԿՀ-ում, ըստ նախնական վարկածի, պարանի միջոցով ինքնասպանություն գործած կալանավորը մեղադրվում էր տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ:

Այս տեղեկատվությունը ուղղակի ապացույց է ՔԿՀ-երում քրեական մշակույթի առկայության մասին, երբ կալանավորի նկատմամբ քկհ հիմնարկի աշխատակազմի, նաև այսպես կոչված "զոն նայողների" կողմից վերաբերմունքը պայմանավորված է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հոդվածով:

Եվ սրա ուղղակի պատասխանատվությունը կրում է ՔԿՀ-ի աշխատակազմը և արդարադատության նախարարությունը:

Բայց սա նաև հանդիսանում է տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տիրապետող քրեական մշակույթի առկայությամբ, որը ոչ թե չի հաղթահարվել, այլ ընդհակառակը խրախուսվել և քաղաքական և կոռուպցիոն նպատակներով օգտագործվել է նախկին քաղաքական իշխանության կողմից:

Ինչն է հետաքրքիր:

Բառացիորեն մեկ ամիս առաջ Մհեր Եղիազարյանի մահվան փաստով այդ նույն նախկին քրեական -քաղաքական համակարգի կարկառունները բերաններ փրփուր կտրած ճվճվոցները գցել էին, թե բա քաղաքական հետապնդում են իրականացրել:

Բա հիմա ինչ որ ձայններդ չի լսվում, ինչու՞:

Ասեմ, ինչու, որովհետև ինքնասպանության դեպքը լիովին տեղավորվում է քրեական մշակույթի Ձեր արժեհամակարգին: Ինչ որ, հատուկ ձայներ չեմ լսում նաև նորաթուխ ԱԺ-ից, և հատկապես ընդդիմություն ներկայացնողներից:

Հասկանալի է, որ նման քրեական հոդվածով կասկածվող կալանավորի ինքնասպանության փաստով աղմուկ աղաղակ հանելու դեպքում, կարող եք ընտրողների համակրանքը կորցնել: Դե ռիսկը մեծ է, չէ, որ դրական կերպարում չի ընդունվի պատգամավորը, որը կփորձի բարձրաձայնել կամ անհանգստություն ցույց տալ այնպիսի հանացագործության մեջ կասկածվող կալանավորի մահվան փաստով, որի նկատմամբ արդարացիորեն խիստ բացասական վերաբերմունք ունի հանրությունը: Այո, շատ վատ հանցագործություն է, ավելին, շատ ճղճիմ հանցագործություն է կատարվել անչափահասի նկատմամբ: Բայց հանցագործության մեջ անձը մեղավոր կարող է ճանաչվել միմիայն արդարադատության իրականացման արդյունքում, և ոչ ոք իրավունք չունի սահմանել և իրականացնել արտադատարանական պատիժ:

Այ հենց նման հանրության շրջանում ոչ պոպուլյար դեպքերի վերաբերյալ Ձեր լռությունն է պարոնայք և տիկնայք նպաստում արդարադատության նկատմամբ հանրային անվստահության և ընտրովի արդարադատության մտածելակերպը: Դուք ըստ քաղաքական նպատակահարմարության եք մոտենում, հանուն Ձեր քվեների պահպանման, ու դեռ փորձում եք մի բան էլ իրավապաշտպանների նկատմամբ պահանջներ ներկայացնե՞լ:

Խելքի աշեցեք...

Իսկ նոր իշխանությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի քրեական մշակույթի բոլոր դրսևորումները վերանան և՛ ՔԿՀ-երում, և՛ հասարակության մեջ: Դրանք չեն վերացել ու չեն կարող վերանալ ոչ մեկ ամսում, ոչ մեկ տարում, ոչ էլ երկու տարում, բայց դրանց վերացման ուղղությամբ քայլերը, ջանքերը պետք է ակնառու լինեն, որոշակի լինեն, շարունակական լինեն և համոզիչ լինեն:

Պատշաճ քննություն պետք է իրականացնել բացահայտելու համար բոլոր մեղավորներին՝ առաջին հերթին ՔԿՀ աշխատակիցներին, որոնց անգործության կամ թողտվության, կամ ոչ պատշաճ գործողությունների հետևանքով է կալանավորը գնացել նման ծայրահեղ քայլի:

Հա, ի դեպ, գուցե տուժածի հարազատները բավարարվածություն ունենան ինքնասպանության փաստից, բայց արդարադատությունը, որը յուրաքանչյուրի՝ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքով արդար և օրենքով ստեղծված դատարանում գործը լսելու իրավունքն է, և իրավական պետության հիմնական արժեքներից է, ստացավ հերթական լուրջ հարվածը:

Չպետք է թույլ տալ արդարադատության նկատմամբ որևէ ոտնձգություն, սրանում է իրական ոտնձգությունը, քրեական մտածելակերպի առկայությունն ու որոշիչ դերը մարդու ճակատագիրը որոշելու հարցում, որի հետ այդպես հաշտված են իբր թե արդարադատությունից բողոքողները»:

 

Լրահոս

Դիտել ավելին