Կարևոր իրադարձություններ

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

20 Փետրվար, 2019 21:07
«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Հայկական ժամանակը գրում է․ Հունվարի 3-ին Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն էր տարածել, որ մեկ օրով այցելուների առջեւ փակելու են բոլոր ռեստորանների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ, սակայն նրանք սպասեցին, որ նոր կառավարությունը ձեւավորվի, որպեսզի իրենց հարցը հասցեատեր ունենա: Այնուհետեւ հունվարի 12-ին նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հետ հանդիպումը ռեստորանատերերին գոհացրել էր, սակայն նրանք գտնում էին, որ խնդրի վերջնական լուծման համար եւս մեկ անգամ հանդիպելու կարիք կա:

«Մեր հանդիպումից հետո վարչապետը հանձնարարեց հասկանալ, թե ինչ է կատարվում: Դրանից հետո արդեն տնտեսական զարգացման նախարարության, ՊԵԿ-ի եւ անձամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցան մի քանի քննարկումներ եւ պետությունն ինքը առանց մեր մասնակցության հասկացավ, որ պետք է երկարաձգել 2018 թվականին գործող տոկոսադրույքը եւս 3 տարով:

3 տարվա մեջ մենք կհասցնենք գնային հարմարություններն իրականացնել: Պետությունն էլ իր հերթին կմեծացնի այն ծախսերի տեսակները եւ կապահովի տեխնիկապես դրա ապահովման միջոցները, որով մենք կարող ենք ծախսագրել` նվազեցնել հարկման բազայից: Իսկ արդեն 3 տարի հետո կգործի 10 տոկոսանոց տոկոսադրույքը` նվազեցումով 6: Եթե մեզ թույլ են տալիս շատ նվազեցնել, մենք կարող ենք ծախսագրման արդյունքում ստանալ 6 տոկոսանոց հարկման շեմ, որը էլի շատ ընդունելի է: Եւ կա տարբերակ հետ վերադառնալ ընդհանուր հարկման տիրույթ, որը ավելացված արժեքի հարկով հարկումն է: Այսինքն, եթե դու ցանկություն ունես հարկվելու ԱԱՀ-ով պետությունը քեզ թույլ է տալիս օգտագործել այդ հնարավորությունը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը:

Մեր հարցին՝ այսինքն, ռեստորանատերերի խնդիրը լուծվե՞ց, Բարսեղյանը պատասխանեց. «Այո, մենք ստացանք մեր լուծումը: Այստեղ մնացել են մանր տեխնիկական խնդիրներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին