Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։
Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: