Կարևոր իրադարձություններ

Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ

19 Փետրվար, 2019 15:05
Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ

Armtimes.com-ը գրում է.

Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանի Միրաքյան փողոցի բնակիչները բողոքում են նույն փողոցի 23 հասցեում գործարկվող գործարանի պատճառած վնասներից: Նրանք համապատասխան գերատեսչությունների ուշադրությունն են հրավիրում տարիներ շարունակ բանակի մատակարարումներով զբաղվող եւ մշտապես բոլոր մրցույթներում հաղթող «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի վրա:

Միրաքյան 21 հասցեի բնակիչ Սարգիս Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նշված շինությունն անօրինական է, նախկինում բաղնիք է եղել, հետո սեփականատերը վաճառել է «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի սեփականատերերին, որոնք էլ տարածքը գրեթե 5 տարի է՝ վերածել են գործարանի:

Այս տարիների ընթացքում գործարանը պարբերաբար բնակիչների համար անհանգստության առիթներ է ստեղծել, մասնավորապես վատ կոյուղագծերի հետեւանքով առաջացրած խոնավությունն ու անհարմարությունները: Նախկինում գործարանի կաթսայատունը դրված է եղել ներսում, սակայն ինչպես բնակիչներ են փաստում, սեփականատերերն անօրինական կերպով հանել են դուրս: Այժմ հին կոյուղագծերի պատճառով ջուրը լցվում է նրանց արհեստանոցներն ու տները, իսկ աղմուկի մասին այս պարագայում անիմաստ են համարում բարձրաձայնելը:

«Անցած տարի կոյուղագծի կեսը փոխեցին, մյուս կեսը մնաց, այդ պատճառով էլ ջուրը շարունակում է հոսել»,-ասացին Միրաքյան փողոցի բնակիչները՝ նշելով, որ բազմիցս բողոքել են թե՛ թաղապետարան, թե՛ Երեւանի քաղաքապետարան, սակայն հարցին լուծում չի տրվում:

«Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն, այդ թվում եւ «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, կապվում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա ազգականների հետ: «Էլիտ կապիտալ»-ը նշված կազմակերպությունների հետ միասին պարբերաբար հայտնվել է հակակոռուպցիոն պայքար վարող ՀԿ-ների հաշվետվություններում եւ մամուլի հրապարակումներում։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին