Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

19 Փետրվար, 2019 13:36
Ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անտառապետ:

Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններից ապօրինի հատվել են թվով 504 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 85.749.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի պաշտոնատար անձինք պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Մասնավորապես՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումներ կատարվելու, պաշտոնեական անփութության կասկածանքով ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի «Գետիկի» և նույն մասնաճյուղի «Դպրաբակի» անտառպետության երկու անտառապետեր:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին