Կարևոր իրադարձություններ

«Մարտի 1-ի գործի նյութերի էն հատվածը, որոնք արդեն ուսումնասիրել եմ, շոկային են». Վահե Գրիգորյան

18 Փետրվար, 2019 23:47
«Մարտի 1-ի գործի նյութերի էն հատվածը, որոնք արդեն ուսումնասիրել եմ, շոկային են». Վահե Գրիգորյան

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, «Ազատության» տաղավարում այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի մասով նախաքննությունը ավարտվելուց հետո գործի նյութերը ստանալու մասին հարցին, ասել է, որ մոտ 80 հատոր գործի նյութերը տրամադրվել են եւ այժմ ծանոթանում են դրանց:

«Կարող եմ ասել, որ նյութերի էն հատվածը, որոնք արդեն ուսումնասիրել եմ, շոկային են: Ժամանակին, եթե հիշում եք, հնչեցվեց, որ հասարակությունը պիտի հոգեբանորեն պատրաստ լինի բացահայտումներին: Ես դա միանշանակորեն հենց հիմա կարող եմ ասել: Էդ բացահայտումներին պատրաստ լինելը․․․ ոչ սկանդալներ լսելու ակնկալիքի իմաստով պատրաստ լինի, այլ հոգեբանորեն պատրաստ լինի այս գործը իր ամբողջ խորությամբ եւ լրջությամբ գիտակցելու եւ դրանից դասեր քաղելու համար: Եվ առերեսվելու մեր ոչ շատ ուշ անցյալին: Մարտի 1-ի գործը, ինչքանով որ ես եմ պատկերացնում, ոչ միայն գործ է այն մասին, թե մենք ինչպիսին ենք եղել 10-11 տարի առաջ, այլ, կախված նրանից, թե մենք ինչպես դրանով կանցնենք: Դրա ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական կոմպոնենտները ի նկատի ունեմ: Դա լինելու է մի գործ այն մասին, թե մենք ինչպիսին ենք լինելու 50 տարի հետո, 100 տարի հետո՝ որպես պետություն»,- մասնավորապես ասել է Վահե Գրիգորյանը:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդման մասին հարցին, թե մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, եւ այն ժամանակվա նախագահը այդ մասին իմացել է միայն առավոտյան, Վահե Գրիգորյանը ասել է.

«Հույս եմ հայտնում, որ նաեւ իմ կոլեգա Հայկ Ալումյանը այս պահին ուսումնասիրում է գործի բոլոր նյութերը, եւ թերեւս էս փաստարկը երբեւէ այլեւս չի բերվի: Որովհետեւ այնտեղ շատ հստակ, շատ պարզ, ամենաուղիղ կիրառության ապացույցներով փաստված է, եթե, իհարկե, սրանք անցնեն նաեւ դատավարական ստուգման փուլը, խոսում են հետևյալի մասին: Առաջին, զենքի եւ զինամթերքի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն ոստիկանությունը որեւէ աղբյուրից չի ստացել: Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ժամանակին կազմվել են եւ տեղադրվել են գործի մեջ, կազմվել եւ տեղադրվել են հետին թվով: Եվ բոլոր այն ոստիկանները, որոնք այդ փաստաթղթերի «հեղինակներն» են եղել... վկայել են, որ իրականում նրանք որեւէ ինֆորմացիա չեն ունեցել ո՛չ զենքի, ո՛չ զինամթերքի վերաբերյալ»:

«Մոտ 80 հատորը հիմա իրենք ձեռքում է, եւ ես կարծում եմ, որ այս խոսակցությունն առհավետ կդադարեն: Կսկսվեն բացատրություններ էն մասին, թե ինչու բանակային ստորաբաժանումները ներգրավել քաղաքական բողոքը ուժային մեթոդներով ճնշելու գործողությունների մեջ: Այ սա արդեն առարկայական խոսակցություն է»,- մասնավորապես հավելել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին