Կարևոր իրադարձություններ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի

18 Փետրվար, 2019 18:10
«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի

«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ են ձեռք բերվել մասնակիցների շրջանակի վերաբերյալ:

Այսպիսով՝ քրեական գործով, այս պահի դրությամբ, մեղադրյալի կարգավիճակ ունի 17 անձ: Նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 10 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին