Կարևոր իրադարձություններ

Աշխատակիցները դեմ էին, բայց պոլիկլինիկայի 22 տարվա տնօրենը հրաժարականի դիմումը ստորագրեց

18 Փետրվար, 2019 16:27
Աշխատակիցները դեմ էին, բայց պոլիկլինիկայի  22 տարվա տնօրենը  հրաժարականի դիմումը ստորագրեց

Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 12 պոլիկլինիկայի մոտ 150 աշխատակիցներ՝ բժիշկներ և բուժքույրեր նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացնում։

Աշխատակիցները  պահանջում էին, որպեսզի տնօրենի հրաժարականի դիմումը չեղյալ համարվի։

Այսօր ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, նշելով. «Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ու Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ինձ վստահեցրեցին, որ շուրջ մեկ ամիս առաջ տնօրենը ստացել է խիստ նկատողություն քաղաքապետի կողմից փաստաթղթային անճշտությունների հետ կապված և մեկ ամիս անց ստուգել են, որևէ բան չի փոխվել․․»։

Shabat.am-ի հետ զրույցում թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն անդրադառնալով հրաժարականի դիմումին ասաց․«Գիտեք, ես այսօր արդեն գնացել, իմ ազատման հրամանը ստորագրել եմ»։

Խոսելով, փաստաթղթային անճշտությունների մասին, տնօրենն ասաց․«Աշխատանքային թերություններ են եղել, բնականաբար նկատողություն եմ ստացել , ուղղել ենք։ 22 տարի աշխատում եմ, մի քիչ էլ հոգնել եմ, որ ճիշտն ասեմ՝ երկար եմ մտածել այդ ուղղությամբ և իմ որոշումը կայացրել եմ։ Էդքան տարի աշխատել ենք աշխատակիցների հետ հուզիչ տեսարան է եղել։ 22 տարին քիչ չի էլի»։

Մեր ճշտող հարցին՝ ճնշումներ եղել են և տնօրենի կամ այլ թեկնածու կա, այդ պատճառով է աշխատանքից ազատման դիմում գրել, Վարդումյանն ասաց․ «Ոչ, ճնշումներ չկան։ Ես չգիտեմ, բա իհարկե կլինի, վերջիվերջո տնօրեն պետք է լինի, թե՞ ոչ»,- ասաց Վարդումյանը։ 

Թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն ոչ ոք չպատասխանեց հեռախոսազանգերին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին