Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը Գերմանիայում խոսել է Ղարաբաղի հակամարտության մասին

15 Փետրվար, 2019 15:48
ՀՀ նախագահը  Գերմանիայում խոսել է Ղարաբաղի հակամարտության մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։

Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։

Նախագահն ընդգծել է, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։

 «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված. մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։

Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. 

«Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին