Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ փոփոխություններ է կրել կառավարությունը

14 Փետրվար, 2019 10:30
Ի՞նչ փոփոխություններ է կրել կառավարությունը

Կառավարությունը նախօրեին e-draft կայքում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը, որով նախարարությունների թիվը 17-ից նվազեցվել է 12-ի:

Նշենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը: Մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության եւ գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության:

2. Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,

3. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ եւ գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները եւ գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

5. Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:

Նախագծերի ընդունման դեպքում միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի համաձայն վերանշանակվում են մինչեւ վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում։ Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով։

Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։ Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում։

 

Լրահոս

Դիտել ավելին