Կարևոր իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաների հարցը կքննարկվի կառավարությունում

13 Փետրվար, 2019 17:43
Աջ ղեկով մեքենաների հարցը  կքննարկվի կառավարությունում

Կառավարության փետրվարի 14-ի օրակարգում ներառված է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հարցը:

Օրինագծի քննարկումը նախատեսված էր դեռ անցած նիստին, սակայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին ասել էր, որ հարցն օրակարգում չի ընդգրկվել, քանի որ տեխնիկական որոշ խնդիրներ են եղել: Նախարարը վստահեցրել էր, որ փետրվարի 14-ի նիստում հարցը տեղ կգտնի և գտել է:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է.
«Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը»:

Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենաներն արդեն մի քանի ամիս է, ինչ կուտակվում են սահմանին: Սկզբում դրանք Վրաստանի տարածքում էին, բայց քանի որ երկու ամսից ավելի մնալու դեպքում ներկրողներն ամեն օրվա համար ստիպված էին 10 հազար դրամ տուրք վճարել, ավտոմեքենաները տեղափոխվեցին Հայաստան` Բագրատաշենի մաքսակետ:

Նախ առաջարկվում էր մեքենաները մասերի բաժանել և ներկրել որպես ավտոմաս՝ վերամշակման ենթարկվող ապրանքի ընթացակարգով: Ներկրողները դրա հետ չհամաձայնեցին: Նախարարությունում խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ կազմակերպվեցին, սահման այցելության ժամանակ ներկրողներն անձամբ խոսեցին վարչապետի հետ, որից հետո նոր օրենքի նախագիծ մշակվեց՝ դրվելով հանրային քննարկման:
Ըստ ներկրողների՝ սահմանին այս պահին կուտակված մեքենաներն ավելի քան 500 են, իսկ ընդհանուր առմամբ` մոտ 800 մեքենա է պատվիրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին