Կարևոր իրադարձություններ

Մենք Արցախը Հայաստանի մարզ ենք տեսնում. Վարուժան Ավետիսյան

13 Փետրվար, 2019 13:25
Մենք Արցախը Հայաստանի մարզ ենք տեսնում. Վարուժան Ավետիսյան

Օրերս հայտնի դարձավ, որ Մադրիդյան սկզբունքների այլընտրանքը թեմայով Ստեփանակերտում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման արդյունքներով «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Մադրիդյան սկզբունքները մերժելու անհրաժեշտության մասին։

Այս թեմայով մանրամասներ ստանալու նպատակով shabat.am լրատվականը կապ հաստատեց  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ քննարկմանը միայն կուսակցության համախոհները չեն, որ եղել են. 

«Եղել են տարբեր  քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անկախ պատգամավորներ, քաղաքական գործիչներ: Քննարկումը լայն ֆորմատ է ունեցել»:

Մեր այն հարցին, թե ինչու է որոշվել մերժել Մադրիդյան սկզբունքները, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Արցախի  հետ կապված  մեր տեսակետները, համոզմունքները  շատ հին պատմություն ունեն:Մեր ուժի ձևավորման ակունքներից սկսած մենք Արցախը Հայաստանի մարզ ենք տեսնում և այդ ուղղությամբ ներկայացրել ենք մեր բոլոր տեսակետները, կարծիքները»:

Ավետիսյանը նշեց, որ իրենց գործողությունները միտված են այս նպատակին հասնելուն: Այս որոշումը կապված չէ հատուկ իրադարձության հետ, այլ վաղուց հասունանացել է պահը: 

«Մադրիդյան սկզբունքները և ընդհանրապես  տարածքային զիջում ենթադրող   բանակցային տարբերակները պետք է մերժվեն, և այդ տարբերակը բացառող  բովանդակությամբ բանակցություններ պետք է լինեն»։

Ըստ մեր զրուցակցի, քանի դեռ կա զիջումների տրամաբանության վրա հիմնված ձևաչափ մշտապես վտանգներ կարելի է ակնկալել.

«Արցախում  չեք գտնի այնպիսի գործիչ, այնպիսի ուժ, որը կողմ լինի տարածքային զիջման»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին