Կարևոր իրադարձություններ

Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը ջարդված է

12 Փետրվար, 2019 14:30
Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը ջարդված է

Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը ջարդված է, բայց հակակոռուպցիոն քաղաքականությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք:

«Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հետևյալն է՝ մենք պետք է ուժեղացնենք այն լծակները, որով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի ու ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ: Թեզը հետևյալն է՝ ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող ցանկացած մարդ ՀՀ-ում գործող լիազորված մարմնին պետք է տա նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինն այդ պաշտոնյայի անունից աշխարհի ցանկացած տեղում կարող է փնտրել, գտնել, այսինքն՝ արձանագրել իր ունեցած գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկություն ներկայացնել հանրությանը»,- ասաց նա:

Վարչապետն իր վրա օրինակ բերեց, որ, եթե ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, պետք է պետական մարմնին տա լիազորություն, որ նա աշխարհի ցանկացած վայրում հնարավորություն ունենա իր անունից, որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ, ոչ թե՝ որպես հետաքննության մարմին, որի աշխատանքի համար կարող են լինել խոչընդոտներ, օֆշորային, ոչ օֆշորային ցանկացած կետում փնտրել, տեղորոշել իր կամ իր հարազատների անունով գույքը և այդ մասին տեղեկություն տալ հանրությանը:

Նիկոլ  Փաշինյանի կարծիքով՝ բոլոր այն պաշտոնյաները կամ պաշտոնի թեկնածուները, որոնք համապատասխան մարմնին հրաժարվում են այդպիսի լիազորագիր տալ, ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելուց:

«Արդեն մի քանի ամիս է, իրավաբանների հետ այս թեմաներով շատ բուռն բանավեճերի մեջ ենք, թե արդյո՞ք նման քաղաքական գիծ տանելով՝ մենք չենք ոտնահարում մարդկանց իրավունքը: Ես կարծում եմ՝ ոչ, չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետև մենք բոլորին չենք պարտադրում այդպես վարվել, այլ պարտադրում ենք այդպես վարվել այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել պետական պաշտոոնյա, ովքեր հավակնում են ծառայություն մատուցել ՀՀ ժողովրդին: Հետևաբար, այդ մարդկանց ծառայության վերցնող ժողովուրդը պետք է հարյուր տոկոսով թափանցիկության երաշխիք ունենա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործիքը երաշխավորում է ՀՀ-ում կոռուպցիան վերացնելը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին