Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները.Հակոբ Արշակյան

11 Փետրվար, 2019 22:27
Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները.Հակոբ Արշակյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա – Կայմակտչիևային։
 
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար, և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին, այնուհետև նախարարին է ներկայացրել հայ-բուլղարական միջկառավարական հերթական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
 
Նա կարևորել է նստաշրջանի օրակարգում հայկական կողմի առաջարկություններն ընդգրկելու անհրաժեշտությունը և ներկայացրել է օրակարգային հարցերի շրջանակը։
 
Դրանք հիմնականում առնչվում են ավտոմոբիլային՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներին, փոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացմանը, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային և առցանց փոստային փոխադրումների ոլորտներում իրականացրած օրենսդրական նախաձեռնություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և այլն։
 
Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված թեմաները առաջիկայում աշխատանքային կարգով կքննարկվեն, որից հետո կարվեն համապատասխան առաջարկություններ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։
 
Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։
 

Լրահոս

Դիտել ավելին