Կարևոր իրադարձություններ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը մնաց օդում. «Ժողովուրդ»

09 Փետրվար, 2019 08:36
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը մնաց օդում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեեւ չի ներկայացվել ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն երեկ գործադիրը հրապարակեց 12 նախարարությունների անունները: Ըստ այդմ, առաջիկայում կառավարությունը կունենա հետեւյալ կազմը. Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա դրա փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:

Փաստորեն, ներկայիս 17 նախարարության փոխարեն կունենանք 12-ը: Ընդ որում, տեղի է ունեցել ոչ թե սոսկ միավորման գործընթաց, այլեւ որոշ նախարարությունների դեպքում կատարվել է անվանափոխություն: Չկա Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ այս գործառույթները կիրականացնի Էկոնոմիկայյի նախարարությունը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության փոխարեն կլինի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարությունը, նաեւ նրանց լիազորության շրջանակներում կլինի տրանսպորտի եւ կապի ոլորտները՝ որպես առանձին ենթակառուցվածքներ: Իսկ ՏՏ ոլորտով կզբաղվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը:

Մեկ հետաքրքիր փաստ էլ. եթե այս փոփոխությունների արդյունքում Մշակույթի նախարարությունը միացվելու է ԿԳՆ-ին, ապա հայտնի չէ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը. համենայն դեպս, 12 նախարարություններից որեւէ մեկի անվանումից պարզ չէ, թե ով է զբաղվելու այդ հարցերով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին