Կարևոր իրադարձություններ

Պարգևավճարների վերաբերյալ կառավարությունը նախագիծ է մշակել

08 Փետրվար, 2019 19:16
 Պարգևավճարների վերաբերյալ կառավարությունը նախագիծ է մշակել

ՀՀ կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:

Վերոնշյալ նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՝ e-draft.am կայքում։

Որոշման նախագծով սահմանվել են պարգևատրման հստակ ցուցիչներ պետական աշխատողների համար:

«Պարգևատրման ամսական ցուցիչները կարող են սահմանվել տարվա կամ կիսամյակի կամ եռամսյակի պարբերականությամբ: Պարգևատրման ցուցիչը (ցուցանիշը) այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից:

Մարմնի ղեկավարի համար պարգևատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Աշխատողի պարգևատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ: Աշխատողի պարգևատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքով:

Համապատասխան մարմնում պարգևատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը»,- նշված է նախագծում:

Փաստաթղթում նաև ներկայացված է, թե որ դեպքում աշխատողը չի պարգևատրվում:

«Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը և ներկայացնում է աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

 

Աշխատողը չի պարգևատրվում, եթե աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակը ցածր է աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակից։ Այս դեպքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքը համարվում է բացասական»,- գրված է հրապարակված որոշման նախագծում:

 

Լրահոս

Դիտել ավելին