Կարևոր իրադարձություններ

Լեզվի կիրառության հարցերը պետության կարգավորման, եթե կուզեք՝ հարկադրանքի դաշտում են

07 Փետրվար, 2019 21:49
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Լեզվի կիրառության հարցերը պետության կարգավորման, եթե կուզեք՝ հարկադրանքի դաշտում են

2012 թվականից այս օրը՝ փետրվարի 7-ը, հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ևս հորդորում է համացանցում գրել հայատառ:

Նա այդ թեմայով ֆեյսբուքում գրում է․

«Քաղաքապետարանում ֆեյսբուքյան նամակներին ըստ էության պաշտոնական հարցման կարգավիճակ ենք տվել: Այսինքն, քաղաքացին քաղաքապետարանի կամ քաղաքապետի պաշտոնական էջին նամակ է գրում, այդ նամակին տալիս ենք հերթական համար, մուտքագրում ենք ու ընթացք ենք տալիս, ինչպես «ավանդական» եղանակով կամ էլեկտրոնային փոստին եկած նամակին:

Բայց մի լուրջ վերապահում կա՝ կատեգորիկ պահանջ. նամակները պետք է լինեն հայատառ հայերեն: Իհարկե, որոշ քաղաքացիներ դժգոհ են այս պահանջից, իբր, սահմանափակում ենք լատինատառ դիմումներ ուղարկելու իրենց իրավունքը (սա հիշեցնում է «ծխողների իրավունքի» մասին այս օրերին կրկին ակտուալ դարձած պատմությունները): Իրականում, չկա լատինատառ գրողի իրավունք, ինչպես, կարծում եմ, չկա ծխողի իրավունք:

Եթե դու ուզում ես, որ քո միտքը տեղ հասնի, բարի եղիր գրել հայերեն ու հայատառ:

Հիշում եմ՝ նախկինի մեր կարկառուն նախարարներից մեկին հարց տվեցի հայատառը խթանելու պետական գործիքներ կիրառելու անհրաժեշտության մասին: Ասաց մոտավորապես՝ «հայատառ գրելը բարոյական հարթության վրա է, ոչ թե իրավական»: Ես ճիշտ հակառակ կարծիքի եմ՝ լեզվի կիրառության հարցերը պետության կարգավորման, եթե կուզեք՝ հարկադրանքի դաշտում են: Ի վերջո, ի՞նչ իմաստ ունի 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելը, եթե շրջանավարտները պետք է իրար հետ շԲվեն սենց хары-мары lezvov:

Հիմա կարող ենք հստակ փաստել, որ պետությունը ֆիքսում է հայատառի կիրառության անհրաժեշտությունը, բայց ես ավելի շատ վարչական կարգավորումներ եմ ուզում տեսնել: Օրինակ, ինչպես առաջարկում է հարգարժան Ovanitas-ը, Հայաստանում վաճառվող համակարգիչները պարտադիր հայերեն ստեղնաշարեր պետք է ունենան, կամ, ինչպես առաջարկում եմ հարգարժան ես, պետք է պարտադրել, որ սմարթֆոններ ու այլ գաջեթներ վաճառող խանութներում ցուցադրվող սարքերը by default դրված լինեն հայերեն մենյուի վրա, ու վաճառող կոնսուլտանտները հաճախորդին ուղղորդեն հենց հայերենը կիրառել: Ու էս ազիզ օրով կրկին հորդորենք, օրինակ, բոլոր բջջային օպերատորներին հաղորդագրություններ ուղարկել հայատառ: Թե չէ, հիմա զանգում ես օպերատորին՝ հեռախոսիդ համար կարգավորումներ հարցնելու, ասում են՝ ընտրեք ռուսերեն կամ անգլերեն մենյուն, նոր շարունակենք, հայերեն չկա:

Ի դեպ, քանի որ այս օրերին վարձով տուն եմ փնտրում, առիթ ունեմ օգտվելու list.am կայքից, որը, իր բազմաթիվ առավելություններով հանդերձ մի աններելի թերություն ունի՝ գրեթե բոլոր հայտարարությունները գրված են լատինատառ: Եկեք էս ազիզ օրով խնդրենք նաեւ List.am-ի հարգարժան խմբագրությանը՝ հարգել հայոց լեզուն ու կայքում հայատառ գրելու պահանջ ներդնել:

Կարճ ասած՝ օգնեք տուն գտնեմ Զեյթունում՝ հնարավորինս՝ Սիթիի մոտակայքում: Շնորհակալություն»

 

Լրահոս

Դիտել ավելին