Կարևոր իրադարձություններ

Սա քաղաքական որոշում է. Քոչարյանի պաշտպանը՝ Վերաքննիչի որոշման մասին

07 Փետրվար, 2019 13:36
Սա քաղաքական որոշում է. Քոչարյանի պաշտպանը՝ Վերաքննիչի որոշման մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցին՝ սպասելի՞ էր նման որոշումը, պատասխանեց.

«Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, ես որոշումը բացասական եմ գնահատում, դրանում իրավաբանական կոմպոնենտը համարում եմ զրո, սա քաղաքական որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված»:

Նա տեղեկացրեց, որ դատարանը գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչել: Ալումյանի գնահատմամբ՝ մինչ որոշման կայացումը դատական գործընթացն ամբողջությամբ ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով՝ վիճակահանության միջոցով, ինչն էլ արձանագրել էր նախկինում, սակայն որոշումը, որ կայացվեց, բացարձակապես իրավաբանության հետ առնչություն չունեցող որոշում է: Փաստաբանի խոսքով՝ որևէ անաչառ իրավաբան, եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքում, առնվազն 10 հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ արձակվի: Երկրորդ նախագահը ներկա է եղել այսօրվա դատական նիստին: Հարցին՝ ինչպե՞ս է նա գնահատում դատարանի որոշումը, Ալումյանն արձագանքեց.

««Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատում այս դրույթին անդրադառնալու ենք։ Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով քաղաքական հետապնդման է ենթարկվում: Մենք մի փոքր ուշ դուրս եկանք, քննարկում էինք դատարանի որոշումը, նա ևս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այլ քաղաքական հետապնդում: Մենք պարտադիր բողոքարկելու ենք, հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ, զուգահեռաբար նաև Վճռաբեկ դատարան: Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, բայց սա այն դեպքն է, որ հնարավոր չէ որևէ խելամիտ փաստարկ բերել»,- ասաց նա:

Ալումյանն ընդգծեց՝ հնարավոր չէ ասել՝ Ռոբերտ Քոչարյանը մինչև մարտի 1-ը կմնա կալանքի տակ, թե ոչ, հիշեցրեց, որ իրենք վճռաբեկ բողոք են ներկայացրել դեկտեմբերի վերջին, հույս հայտնեց, որ դա, ի վերջո, մի օր կքննվի, նաև նշեց, որ չի կարող ասել, թե երկրորդ նախագահն ինչ պլաններ ունի՝ կապված մարտի 1-ի հետ: Պաշտպանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կա Սահմանադրական դատարան ներկայացված երկու դիմում, որոնցից պատասխան չկա, և մեկ վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ որոշում չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին