Կարևոր իրադարձություններ

175 նոր թեքահարթակ. Երևանը կդառնա՞ մատչելի քաղաք

07 Փետրվար, 2019 21:00
175 նոր թեքահարթակ. Երևանը կդառնա՞ մատչելի քաղաք

2019 թվ-ի ընթացքում Երևանի փողոցներին և մայթեզրերին կկառուցվեն թեքահարթակներ: Նախատեսվում է կառուցել ավելի քան 175 թեքահարթակ:

Արդյո՞ք կառուցվելիք թեքահարթակները կհեշտացնեն սայլակ օգտագործողներ կյանքը:Այս մասին shabat.am լրատվականը զրուցեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանի հետ:  

Ըստ Ալավերդյանի՝ այս գործընթացը շատ կարևոր է,այն  սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ.

«Նպատակը այն է, որ Երևանը դառնա բոլորի համար  հարմարավետ, մատչելի քաղաք: Եվ սայլակ օգտագործող անձը կարողանա անխոչընդոտ տեղաշարժվել: Թեքահարթակներ կկառուցեն փողոցներին, մայթեզրերին, անցումներում»:

Մեր զրուցակիցը կարծում է՝  այս հարցում դեռ շատ անելիքներ կան.

«Ես՝ որպես սայլակ օգտագործող, զգում եմ, թե որտեղ ինչ գործ է արված: Ակտիվ կյանք եմ վարում, շատ  հաճելի է , որ անցնում ես փողոցնեով, որտեղ ամեն ինչ նորմալ է սարքած: Երբեմն շատ մեծ դժվարությունների եմ հանդիպում,դրա պատճառով էլ ստիպված եմ լինում խախտել  երթևեկության կանոնները»:

Ըստ ՀԿ նախագահի՝ Երևանը մատչելիության առումով դեռևս շոշափելի արդյունքների չի հասել.

«Արվում են որոշ բաներ, բայց թվերը շատ փոքր են: Անելիքները դեռ շատ-շատ են»:

Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ շահագրգիռ կազմակերպությունները ևս մասնակցում են մատչելի քաղաք ստեղծելու ծրագրերին: Արդեն իսկ քաղաքապետարանի հետ համատեղ որոշել են, որ թեքահարթակները կառուցվելու են տարբեր վարչական շրջաններում.

«Հասցեները դեռևս որոշված չեն:  Ես ուզում եմ շեշտել, որ սա վերաբերում է միայն փողոցներին,  մայթեզրերին: Խնդիրը չի վերաբերում առանձին շինությունների թեքահարթակներին»:

Արմեն Ալավերդյանին հարցրինք նաև, թե մարզերը որքանով են մատչելի սայլակ օգտագործողների համար:

«Մարզերում իրավիճակը շատ վատ է, բայց հույս կա: Մարզերում գրեթե ոչինչ արված չէ՝շատ չնչին բացառությամբ: Ես տեսել եմ շատ քիչ թվով հարմարեցված վայրեր: Երբեմն եղածն էլ չի համապատասխանում ընդունված չափանիշներին»:

Ըստ մեր զրուցակցի՝ շատ ավելի հեշտ է աշխատանքներ տանել փոքր քաղաքներում, քան Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին