Կարևոր իրադարձություններ

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար

06 Փետրվար, 2019 19:54
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

2018թ. դեկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակիչը՝ ծնված 1983թ., ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն գյուղի մեկ այլ բնակիչ դանակով հարվածել է իր աջ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի 36-ամյա բնակչի կողմից տրված հաղորդումը իրականությանը չի համապատասխանում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 13-ին 36-ամյա տղամարդը իր տան բակում փայտ կոտրելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու ընկել գետնին գտնվող երկաթի սուր կտորի վրա, որի հետևանքով վնասվել է աջ ազդրի հատվածը։ Համագյուղացու հետ ունենալով անձնական խնդիրներ՝ որոշել է վատություն անել նրան՝ հայտնելով, թե բակում հանդիպել է վերջինիս, ով վիճաբանության ժամանակ դանակահարել է իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նոր Գեղի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Լրահոս

Դիտել ավելին