Կարևոր իրադարձություններ

Արմավիրի անձնագրայինի պետի դուստրը «հարվածո՞ւմ» է փոքր բիզնեսին

07 Փետրվար, 2019 11:40
Արմավիրի անձնագրայինի պետի դուստրը «հարվածո՞ւմ» է փոքր բիզնեսին

Մի շարք անհատ ձեռնարկատերեր, ովքեր զբաղվում են պատճենահանման, թարգմանչության և լուսանկարահանման աշխատանքով  բաց նամակ էին հղել, ըստ որի ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական /Օվիր-Դավթաշեն/, Էրեբունի, Շենգավիթ, Արաբկիր թաղամասերի  անձնագրային ծառայությունների շենքերում հայտնվել է տեխնիկայի վերջին խոսքով զինված մի մասնավոր ընկերություն՝ «Հուռնետ» ՍՊԸ /ՀՎՀՀ՝ 02671368/,  որը նույն ծառայությունները մատուցում է տեղում, հենց անձնագրային բաժանմունքում,  անձնագրային ծառայության աշխատակիցների օգնությամբ:

«Հուռնետ» ընկերությունը  պատկանում է Անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը 22-ամյա դստերը՝ Արմինե Ավանեսյանին։

Shabat.am –ի հետ զրույցում Բաց նամակի հեղինակներից Հայկանուշ Նազարյանն անդրադառնալով առաջացած այս խնդրին, ասաց․ «Ինքը (խմբ․ Նազարյանն ի նկատի ունի «Հուռնետ» ՍՊԸ-ի հիմնադիր՝ Արմինե Ավանեսյանին) պատասխան բաց նամակ է գրել, որ այդ ամեն ինչը  քաղաքացիների համար է անում։ Դա չի կարող քաղաքացիների համար արվել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում գոյություն ունի այնպիսի բարերար, որ ինքը մենակ մտածում է քաղաքացիների համար։ Եթե ինքը արանքից 39 մարդու հանում է, իր մոտ նույն բանն է դառնալու։ Մի քիչ աֆերիստություն է անում՝ բիզնեսի առումով, բայց դա կապ չունի։ Ինքն այնտեղ շեշտել էր եվրոպացիներ, զարգացում․․․ Այսինքն հայ ազգը հելնի սոված նստի, բայց ինչ որ եվրոպացի, ով գալիս ա մի 10 օր ման գալու մտնի։ Գնում են օվիռ ուզում են նկարվեն, թող նկարվեն, մենք կապ չունենք օվիռի  հետ։ Համոզված եմ, որ օվիռին կից, գործող մեր նման մարդիկ են, իրանք էլ ուզում են աշխատեն»։

Հայկանուշ Նազարյանն ասաց, որ չեն պատրաստվում հանձնվել․ «Սա իմ հացի փողն է։ Իմ երեխային պահելու միջոցն է, ես միայնակ մայր եմ, տունս դրել եմ գրավ, տեխնիկա  եմ գնել, նորացրել եմ այն։ Ես չեմ կարող ուղղակի, առնվազն պետք ա կործանվեմ, չեմ պատկերացնում։ Եթե մեր ձայնը չհասնի, մինչև վարչապետ պիտի խնդրենք ամեն ինչ անենք, ստորագրահավաքով, որ քանի մարդ է մնում սոված։  Մարդիկ վարկ են վերցնում, մի հատ մեծ ապարատուրան արժի 3000 դոլար, հեշտ չի էլի, առել են, ու՞ր տանեն: Սկսեցին աշխատել, մենք բարձրաձայնեցինք խնդրի մասին, բայց իրենք տվյալ են ցույց տվել, իբրև իրենք ավելի ուշ են սկսել աշխատել։ Մենք համապատասխան մարմիներին այդ ամենը կներկայացնենք։ Բոլորս էլ հացի համար ենք պայքարում։ Միլիոններ չենք աշխատում, էդ փողն էլ էս երկրում ենք ծախսում։ Իմ տեղս որ մտնենք, կասեք էս երևի ինչա, հիմա պետք ա գնա՞մ նոր մասնագիտություն սովորեմ, որ երեխայիս պահեմ»։

Ոստիկանությունը ևս պաշտոնական ինֆորմացիա էր հրապարակել այս թեմայի վերաբերյալ մասնավորապես նշելով․ «2017 թվականին «Հուռնետ» ընկերությունը առաջարկել է անձնագրային և վիզաների վարչության, տարածքային ստորաբաժանումներում տեղադրել լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ ծառայություններ մատուցող սարքավորումներ: Ընկերությունը ոստիկանությանը խոստացել է՝ բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և որ քաղաքացին ստիպված չի լինի նման ծառայությունների համար դուրս գալ շենքից:

Ոստիկանությանը այս առաջարկը հետաքրքրել է: Կնքվել է նախնական համագործակցության համաձայնագիր: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատուցվող ծառայությունների արժեքները մի քանի անգամ ավելի մատչելի են գումարային առումով»,- հայտնել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին