Կարևոր իրադարձություններ

Վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ. Մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսորին դադարեցնել հացադուլը

06 Փետրվար, 2019 15:37
Վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ. Մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսորին դադարեցնել հացադուլը

ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը:

Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որեւէ փոխհամաձայնության գալու եւ առաջացած խնդրին լուծում տալու համար:

Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որեւէ այլ միջոց այլեւս չունեն եւ որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են:

Մինչդեռ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան եւ նախարարության, եւ կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս պրոդաքշն» ընկերության եւ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ, եւ դատարանը կպարզի որեւէ կողմի իրավացիությունը:

Հավելենք, որ նախարարությունը պաշտոնական նամակ է ուղղել «Պարալլելս պրոդաքշն» ընկերության միջազգային գործընկերներին՝ խնդրելով նրանց հետաձգել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ համատեղ պարտավորությունների կատարման ժամկետները՝ մինչեւ դատական գործընթացի ավարտը, ուստի եւս մեկ անգամ նախարարությունը հորդորում է պարոն Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի այս համատեքստում իր գործողությունը որակելի է որպես չարդարացված ծայրահեղություն:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը:

Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման եւ հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը եւ արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։

«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։

 

Լրահոս

Դիտել ավելին