Կարևոր իրադարձություններ

Ներկայումս 100-ից ավելի գիշերամիզությամբ տառապող զինվորներ պարտադիր ծառայության են անցնում

06 Փետրվար, 2019 15:29
Ներկայումս 100-ից ավելի գիշերամիզությամբ տառապող զինվորներ պարտադիր ծառայության են անցնում

 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշման համաձայն գիշերամիզությամբ տառապող զորակոչային տեղամասերին կցագրվող քաղաքացիները, զորակոչիկները, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմը սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար, մինչդեռ նախկինում գործող ՀՀ ՊՆ նախարարի 08.04.2013թ-ի թիվ 410 հրամանի համաձայն նշված անձինք համարվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի։

Shabat.am-ի հետ զրույցում «Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիա»-ի նախագահ, փաստաբան Դավիթ Վարդիկյանի խոսքով՝ գիշերամիզությամբ տառապող մի շարք զինվորների հարազատներ դիմել են ասոցացիային՝ հայտնելով, որ ներկայումս 100-ից ավելի գւիշերամիզությամբ տառապող զինվորներ պարտադիր ծառայության են անցնում․ 

«Մեր կարծիքով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշումը չի հետապնդում իրավաչափ նպատակներ, քանի որ գոնե մեզ համար անհասկանալի է, թե որոնք են այն հիմնավորումները, որ նախինում ոչ պիտանի համարվող անձինք տվյալ որոշման համաձայն դարձել են, թեև սահմանափակումով, սակայն պիտանի զինվորական ծառայության համար: Հաշվի  առնելով ներկայիս զորակոչը տվյալ թիվ կարող է էլ ավելի աճել։ Զինվորները նշել են, որ առաջնայինը՝ հոգեբանական վիճակն է, որը խաթարված է վերջիններիս մոտ, քանի որ հիվանդության մասին տեղեկացված են թե՛ սպաները, թե՛ պայմանագրային ծառայողները և վերջիններիս հետ բնականոն ծառայությունը անհնարին է։ Հայտնել են նաև, որ իրենց տրամադրում են արձակման թերթիկներ որպեսզի զորամասը լքեն, սակայն զորամասի պատերից դուրս նույնպես բոլորը տեղյակ են թե ինչի են վերջիններս  ծառայում տվյալ զորամասերում, և դա նույն պես հոգեկան վիճակի վրա բացասական է անդրադառնում։ Գիշերները ստիպված են լինում ժամը մեկ արթնանալ, որը առաջացնում է գեր հոգնածություն։ Գիշերամիզության դեպքում ստիպված են լինում թաց վիճակում դուրս գալ դուրս, որը ազդում է առողջության վրա և նպաստում է հիվանդության վատթարացմանը:  Զինվորները հայտնում են նաև, որ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել»։

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 հրամանի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիությունը որոշող հիվանդությունների ցանկի 55-րդ կետի, ա ենթակետով սահմանվել է, որ հաստատված և առանց նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշանների զորակոչիկները սահմանափակումով պիտանի են ծառայության:

Դավիթ Վարդիկյանի խոսքով՝ նշված որոշման հավելվածի 55-րդ կետի, ա ենթակետի նկարագրությունից հետևում է, որ գիշերամիզությունը թեև նախատեսված է որպես հիվանդություն, սակայն դատելով նույն որոշման 55-րդ հոդվածից՝ այն դիտարկվում է նաև որպես նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշան, ուստի հարց է ծագում՝ գիշերամիզությունը հետևանք է նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների, թե՞ ինքնուրույն ծագումնաբանություն ունեցող հիվանդություն է, որը օբյեկտիվորեն կարող է որպես այդպիսին ախտորոշվել և հաստավել:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակներև է, որ կառավարության գործող որոշմամբ բավարար հստակությամբ սահմանված չեն այն չափորոշիչները ըստ որոնց հնարավոր է փաստել գիշերամիզության հաստաված լինելը, ուստի և նշված անձանց զինվորական ծառայության զորակոչվելու իրավաչափությունը»։

Փաստաբանի խոսքով՝  անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված եղել տվյալ կատեգորիայի անձանց զինված ուժեր զորակոչելու անհրաժեշտությունը, ինչ չափորոշիչների հիման վրա է որոշվել զինվորական ծառայության նրանց պիտանելիության հարցը, եթե հաշվի առնենք, որ նախկինում նրանք ենթակա չէին զինվորական ծառայության, արդյոք իրականացվել է գիշերամիզությամբ տառապող անձանց զորակոչելու վերաբերյալ հանրային քննարկումներ, տվյալ անձանց զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ որոշում կայացնելուն նախորդել են արդյոք այդ կատեգորիայի անձանց զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ համապատասխան մասնագիտական քննարկումներ:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին