Կարևոր իրադարձություններ

Մեր նյութերը «անշառ» հարցազրույցներ են եղել. թերթի խմբագրությունում չեն հասկանում մեքենան այրելու պատճառը

05 Փետրվար, 2019 15:30
Մեր նյութերը «անշառ» հարցազրույցներ են եղել. թերթի խմբագրությունում չեն հասկանում մեքենան այրելու պատճառը

Այսօր՝  փետրվարի 5-ի առավոտյան, Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով  shabat.am լրատվականը կապ հաստատեց «Սյունյաց երկրի» խմբագրության հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ խմբագրությունում դժվարանում են վարկածներ ու պատճառներ գտնել .

«Դրդապատճառ չենք կարող ասել, հիմա բոլորին էլ կասկածում ենք: Վեջին ժամանակներում մենք  զբաղված էինք բաժանորդագրության խնդրով, հոդվածներ չէինք գրում: Այնպիսի նյութեր չենք գրել, որ մտածենք պատճառը դրանք են: Մեր նյութերը «անշառ» հարցազրույցներ են եղել»:

Մեր զրուցակցին զարմացրել էր ոստիկանության վարկածը.

«Ոստիկանությունը վարկած ունի, որ մեքենան ինքն իրեն է հրդեհվել: 15 ժամ կանգնած էր: Էդ ո՞նց  եղավ, որ ձմեռվա ցրտին  չհրդեհվեց ու առավոտյան կողմը հրդեհվեց»:

Խմբագրության աշխատակազմը առանձնապես հույսեր չունի, որ կբացահայտեն մեքենան հրդեհողին.

«Ամռանն էլ է  հարձակում կատարվել: Ենթադրյալ հանցագործի ֆոտոմոդելը կազմեցին, ոստիկանությունը  ուսումնասիրում էր գործը: Հույսը շատ փոքր է, վտահություն չկա, որ կհայտնաբերվի անողը»:

Թերթի աշխատակիցը նշեց, որ բոլոր ղեկավարների օրոք էլ մշտապես վախի մթնոլորտ է եղել.

«Հույս ունեինք, որ Փաշինյանի օրոք վերջ կդրվեն այս ահաբեկումներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին