Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը նոր քաղաքական պլատֆորմ՝ «Քաղաքական լիգա» է ստեղծում:
Այս առնչությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարեւոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը եւ օրինական ընտրությունների անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի եւ ապագայի համար: Հարկ է ընդգծել նաեւ հեղափոխության բերած նոր հնարավորությունները եւ հեռանկարը Հայաստանի հասարակության եւ պետության եւ հայ ժողովրդի միասնականության ապահովման գործում:
Միաժամանակ մատնանշելով՝
- հեղափոխության տեղապտույտի առկա վտանգը, կառավարման անարդյունավետությունը, անհասկանալի կադրային քաղաքականությունը, նոր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մեծ պակասն ու քաղաքական անփորձությունը,
- կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները նոր, արդյունավետ եւ իշխանությունների տարանջատումն ապահովող պետություն կառուցելու ճանապարհին,
- նոր ձեւավորված խորհրդարանում պառլամենատարիզմի բացակայությունը,
- դատաիրավական համակարգում փոփոխությունների դանդաղումը,
Արձանագրելով՝
- բոլոր ոլորտներում համակարգային, հայեցակարգային մոտեցումների բացակայությունը,
- քաղաքական դաշտի անկատարությունը, գործող օրենսդրության վտանգները այդ դաշտի կայացման համար,
Հաշվի առնելով՝
գլոբալացող աշխարհի մարտահրավերները ազգային ինքնության եւ արժեքների համար,
Տագնապելով՝
- Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքներից, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռուսական գործոնի եւ ուղղության վտանգահարույց ներկայությունից եւ թելադրանքից,
- Հայաստանի եվրաինտեգրման դանդաղումից,
- ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծման հնարավորությունից,
Ես՝ ՀՀ քաղաքացի Նարինե Մկրտչյանս, կարեւորելով ազատականությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի զարգացման արեւմտյան ուղղությունը՝
Հայտարարում եմ՝
նոր քաղաքական պլատֆորմի՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ստեղծման նախաձեռնության մասին:
Քաղաքական լիգայի առաջնահերթություններից է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, որի խնդիրներից են՝
Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող ծրագրի եւ գործողությունների հաջորդականության մշակումը;
Նոր Սահմանադրության նախագծի մշակման եւ հանրաքվեի անցկացման պահանջների հետապնդումը,
Նոր Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը ամենամոտ ժամանակներում,
Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային վերահսկումը:
Ազատ, արդար, օրինական, ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի կայացումը դառնալու է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ճանապարհի ընտրությունը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ կարող են միավորվել անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ եւ կուսակցություններ:
Մեկնաբանություններ