Կարևոր իրադարձություններ

Բաց նամակ Արմեն Աշոյանին. դպրոցի նախկին տնօրենը համոզված է՝ իրեն անարդարացիորեն էին ազատել

04 Փետրվար, 2019 23:41
Բաց նամակ Արմեն Աշոյանին. դպրոցի նախկին տնօրենը համոզված է՝ իրեն անարդարացիորեն էին ազատել

Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտնելով, որ արդարությունը վերականգնվել է, քանի որ ժամանակին իրեն անհարկի էին ազատել աշխատանքից:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ

Բաց նամակ Արմեն Աշոտյանին 
...Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա /Ս.Կապուտիկյան/

Անցել են տարիներ , սակայն հոգումս ծվարած այրող վիրավորանքն ու արթուն ցավը չեն լքում ինձ։ Եվ այդ ամենի դաժան մեղավորը դուք եք , կրթության նախկին «մտահոգ» նախարար , ուստի ուզում եմ մի անախորժ զրույց սկսել ձեզ հետ։

Գուցե հիմա պատեհ առիթն է ձեզ հասկացնելու , թե ինչ է վիրավորանք ծնող և արժանապատվություն ոտնահարող կողոպտիչ երևույթը։ «Չ.ի» թ. 266 և թ. 273 համարներում ձեզ ուղղված նամակներս խոսում են իմ այն համոզման մասին, թե կրթության համակարգը , համենայն դեպս , մեր ժամանակների կաթվածահար պայմաններում հեռու է անարդար լինելուց , սակայն , քավ լիցի , ոչ միայն հեռու , այլև կանգնած է անարդարության բարիկադներում և «տերը ես եմ , բակլան խաշած եմ ցանում» քմահաճույքային թելադրանքով տնօրինում է այս կամ այն մեկի աշխատանքային ճակատագիրը ։

Ոչինչ այնքան գովելի ու գնահատելի չէ , որքան արդարության և ճշմարտության համար հաստատված պայքարը . ցավոք ձեր և ձեր թիմակիցների ազգադավ տիրապետության օրոք այդ պայքարի որդեգիրները ենթակա էին տարազգեստ հետապնդումների։ 90-ական թվականներին Նոյեմբերյանի «Ազատության հրապարակում» ես մարտնչում էի այսօրվա անկախության համար և որովհետև 90֊ական թվականներին որոշ խորհրդային «գիշատիչներ» դեռ ասպարեզում էին ( թեպետ լոլիկի ու ձվերի տարափով ժողովուրդը նրանց հեռացրեց հրապարակից , սակայն չհեռացրեց աթոռներից) բնականաբար պիտի վրեժ լուծեին ինձ նմաններից ։

Առանց պատճառի ազատեցին Կողբի թ. 2 դպրոցի տնօրենի պաշտոնից ( 11 տարի ես աշխատել էի այդ պաշտոնում ) ։ Հոգ չէր , հայրենի դպրոցում մայրենի լեզու և գրականություն էի դասավանդում , ուսուցչի աշխատանքը ունի մի հրաշալի կռվան և այն ոչ մի հողմի առաջ չի տապալվի . դա սաների գնահատականն է ։ Ցավալի էր , որ իմ աչքի առաջ տարածաշրջանում բարձր հեղինակություն վայելող հարազատ դպրոցս տեղական չինովնիկների ու պաշտոնյաների ճիրաններում կիսախեղդ էր լինում , դպրոց , որտեղ գործում էր «հրամայողը ես եմ , ո՞վ է կանգնելու իմ առաջ » կարգախոսը։

Դիմեցի ձեզ՝ հավատալով ձեր ճշմարտությանը ։ Միամիտ պայքար. չէի պատկերացնում,  որ ժողովրդավարություն և արդարություն վանկարկող ձեր «ախորժակով» խմբի դեմ իմ պայքարը դժվար է լինելու , սակայն հավատում էի իմ անդավաճան կամքին և պղծված վերնախավի խղճի արթնացմանը։

Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի և ձեր անտարբեր վերաբերմունքի դաշնակցությամբ դպրոց գործուղված կրթության նախարարության տեսչական անձնակազմը ՝ տեսուչ Լեյլա Սարգսյանի ղեկավարությամբ , դպրոցում կազմակերպվեց մանկավարժական շոու ՝ նպատակ ունենալով շանտաժի ենթարկել կոլեկտիվի «ըմբոստ» հատվածին ։

Դպրոցի 25 վաստակաշատ մանկավարժներ , ստորագրությամբ վավերացնելով իրենց ճշմարիտ պահանջը , դիմել էին մարզպետ Ղուլարյանին , սակայն այն մնաց ձայն բառբառո հանապատի , իսկ շուրջ 100 արդարատենչ կողբեցիներ դիմել էին կրթության նախարարությանը ։ Բոլորի պահանջը մեկն էր ՝ չխաթարել դպրոցի ուսումնական աշխատանքների բնականոն ընթացքը ։ «Ամենակարող» մարզպետի հանձնարարականով ոստիկանությունը վախեցնում էր «անհնազանդ» կողբեցիներին ՝ նրանց հարազատներին աշխատանքից ազատելու սպառնալիքով ։

Դպրոցի նախկին տնօրենի որդին ՝ Կ. Նազարյանը , որ շատ հեռու էր մանկավարժ լինելուց ( դե սահմանամերձ Բերդավանի դպրոցում մի քանի տարի աշխատել էր որպես Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչ ՝ հայոց բանակում ծառայությունից ազատվելու համար ) շուրջ մեկ տարի և դպրոցի տնօրեն էր և Բագրատաշենի ՍՊԸ մաքսային պահեստի տնօրեն ։

Դասամատյանը ձեռքիս մտնում էի 9-րդ դասարան ՝ գրականության դաս պարապելու, երբ հնչեց խամաճիկ-տնօրենի պահանջը. -Թողեք դասը և գնացեք ։ Չեմ կարող չմտաբերել մարդու չարամիտ արարքները բնութագրող ազնվաբարո Բելինսկու խոսքերը. «Ցածրոգի մարդկանց համար չկա ավելի հաճելի բան, քան վրեժխնդիր լինել իրենց ոչնչության համար»։ Երկու տարի տևեց իմ ՝ 45-֊ամյա աշխատանքային ճանապարհ անցած մանկավարժիս անարդարության դեմ մղած պայքարը։ Փառք աստծո , վերաքննիչ դատարանը վերականգնեց ինձ աշխատանքում։ Վենդետայի թույնով արբած տնօրենը երկրորդ ապօրինի հրամանը արձակեց ։

Լրացավ իմ 63 տարեկանը և գտավ, որ պետք է գնամ թոշակի ։ «Մտահոգ» հանրապետական Արմեն Աշոտյան , ինչու՞ մոռացաք , որ հայոց լեզուն իր քաջարի արիությամբ մաքառել է օտարերկրյա բազմակճղակ նվաճողների դեմ , իսկ այսօր էլ պայքարում է բոլոր նրանց դեմ , ովքեր կհանդգնեն սուր բարձրացնել մեր հոգևոր գոյատևման հայոց բերդի ՝ դպրոցի դեմ։ Իմ բազում աշակերտները,  որ արվեստագետներ են , բժիշկներ ու ուսուցիչներ , հողի նվիրյալներ ու մարդասեր կողբեցիներ , Հանրապետության հրապարակում պայքարում էին ձեր և ձեր նմանների դեմ:

Ռուզան Եղիկյան Ժողովրդական կրթության գերազանցիկ

Ուսուցիչ-֊մեթոդիստ

 
 

Լրահոս

Դիտել ավելին